Հանրային հեռուստաընկերությունը 65 տարեկան է:
Հոբելյանական տարեդարձն այսօր նշվել է համերգային ծրագրով: Բեմում են եղել Հանրայինի 6 սերունդները:
Տոնական բացումն արել է հեռուստատեսության առաջին հաղորդավար, ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը:
Ներկայացվել է 65-ամյա հանրայինի անցած ճանապարհը, բեմում են եղել հնաբնակներից Կարինե Սարգսյանը, Ալեքսանդր Սայադյանը, Վարուժան Օլքինյանը, Նոնա Զոտովան՝ հայտնի Նոնա մորաքույրը:
Համերգային ծրագիրը Առաջին ալիքի եթերում կլինի վաղը, մինչև այդ հեռուստադիտողին շնորհավորել են Հանրայինի ներկա ու նախկին աշխատակիցները:
Նարա Շլեպչյան (Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ) - Ի սրտե շնորհավորում եմ մեր ժողովրդին մեր հարազատ հեռուստատեսության ծննդյան առթիվ և կարծում եմ, որ մեր հեռուստատեսությունը դեռ երկար կծառայի մեր ժողովրդին, և շնորհավոր ծնունդդ, մայր հեռուստատեսություն։
Ջուլիետա Կաժոյան (ռեժիսոր) - Ինձ համար էնքան երջանիկ օր է այսօր, որ ես ապրեցի, հեռուստատեսության 65-ամյակը տեսա ու, իմիջիայլոց, պետք է ասեմ, որ հիացած եմ մեր էսօրվա հեռուստատեսության արդյունքով. շատ հետաքրքիր է դարձել, շատ ցանկալի։
Մարատ Օրդյան («Մեր արխիվը» հաղորդման հաղորդավար) - Այս աշխատողները, որ հիմա ես տեսնում եմ. էս բոլոր պայծառ, ջերմ դեմքերը, որ տարիներ շարունակ աշխատել են, ու հիմա նայում եմ դեմքներին, երազի պես կարծես լինի, ու ժամանակն ամբողջովին խառնվում է իրար. 65 տարի թե այսօր՝ նույն բանն է. բոլորս հավաքված ենք մի կետում, ժամանակի մի միավորի մեջ: