Հարավային Կովկասի կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման նպատակով Սոչիում կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետը, Ռուսատանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են անցած տարվա նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը: Այս մասին երեք երկրների ղեկավարները նշել են համատեղ հայտարարությունում:
«Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։ Նշեցինք ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում՝ իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։ Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի, այնուհետև դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ»։
Կողմերը բարձր են գնահատել 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված երեք երկրի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։
«Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։ Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:
Եռակողմ հանդիպումից հետո կողմերը հայտարարութուն են արել նաև լրատվամիջոցների համար: Որոշվել է ստեղծել սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Կողմերը քննարկել են տնտեսական, մասնավորապես, տարածքային կոմունիկացիաների վերաբացման հարցը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ կատարված աշխատանքն ամփոփելու համար հաջորդ շաբաթ երեք երկրի փոխվարչապետները կհանդիպեն Մոսկվայում: Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին նվիրել է ձիթենու ճյուղ՝ ի նշան խաղաղության:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և դրական աշխատանքային մթնոլորտի համար: Ուզում եմ հաստատել, որ դրական հանդիպում և խոսակցություն ունեցանք, քննարկեցինք օրակարգի բոլոր հանդիպումները: Սա պրոբլեմները թաքցնելու հանդիպում չէր, սա հանդիպում էր որտեղ բաց քննարկեցինք բոլոր հարցերը: Որոշ հարցերի շուրջ մեր դիրքորոշումները հստակեցրեցինք ու պարզվեց որոշ հարցերում մենք չունենք տարաձայնություններ, ինչպես թվում էր մինչև այս հանդիպումը: Ապաշրջափակման հարցում մենք արձանագրեցինք, որ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես են այդ կոմունիակցիաներն աշխատելու: Դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի մեկնարկը նոր թեմա չէ, մենք քննարկեցինք այդ հարցը, նաև ընդունեցինք եռակողմ հայտարարություն, որտեղ արձանագրեցինք, որ պետք է մինչև այդ ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ ստեղծել անվտանգության և կայունության մեխանիզմներ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին:
Քննարկվել են նաև հումանիտար հարցեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում հանդիպումը:
Նիկոլ Փաշինյան - Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը նախաձեռնության համար. և կարծում եմ, եթե այս հանդիպման հիման վրա հաջողվի հասնել որոշակի դինամիկայի, ապա կարելի է սպասել կոնկրետ արդյունքների: Վերահաստատում եմ Հայաստանի և Հայաստանի կառավարության պատրաստակամությունը, որը Հայաստանի ժողովրդից մանդատ է ստացել, մեր երկրի, մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու։ Մենք շահագրգռված ենք դրանում և, իհարկե, այսօրվա հանդիպումը նպաստ բերեց այդ օրակարգի իրականացմանը։
Ռուսաստանի նախագահը հանդիպման ընթացքը կառուցողական աշխատանք է համարել: Պուտինը նշել է, որ պայմանավորվածության են հասել մի շարք առանցքային հարցերի շուրջ:
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Դրանցից առաջինը երկու պետությունների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման մեխանիզմների ստեղծումն է: Մենք պայմանավորվել ենք դա անել մինչև տարեվերջ։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա, հնարավորինս արագ: Այդ մեխանիզմների ստեղծման համար ոչ մի խոչընդոտ չկա։ Երկրորդը, ինչին կցանկանայի ուշադրություն հրավիրել, շատ կարևոր և զգայուն հարց է՝ կապված հումանիտար բնույթի հարցերի հետ, և այստեղ նույնպես մենք նկատելիորեն առաջ ենք շարժվել։ Եվ վերջապես, երրորդն այն է, որ մենք շատ հանգամանալիորեն խոսել ենք տնտեսական բնույթի հարցերի, տնտեսական կապերի զարգացման մասին, և նախևառաջ, որպես առաջին քայլ՝ խոսել ենք տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին։ Դա վերաբերում է թե՛ երկաթուղու, թե՛ ավտոմոբիլային հաղորդակցությանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև առաձնազրույց են ունեցել ու նշել, որ հանդիպումն օգտակար էր և ժամանակին: «Մենք այսօր հավաքվել էինք, որպեսզի թույլ չտանք տեղի ունենա որևէ ողբերգական իրադարձություն սահմանին և երկրների ու երկու ազգերի միջև»,- ասել է Ռուսաստանի նախագահը: Պուտինը նշել է, որ դրանում հետաքրքրված են տարածաշրջանի բոլոր երկրները: Նա հույս է հայտնել, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, կզարգանան դրական լույսի ներքո և ամենամոտ ժամանակներում:
Վլադիմիր Պուտին - Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին՝ մենք շատ ենք խոսել այդ մասին, ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել. Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կրում են ռազմավարական, դաշնակցային բնույթ, ունեն պատմական խորը արմատներ: Դա շատ թանկ է մեզ համար, և մենք ամեն կերպ կպահպանենք մեր շփումների այդ մակարդակը: Տնտեսության մեջ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է, Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողը: Իհարկե, անցյալ տարի առևտրաշրջանառությունը մի փոքր նվազեց, բայց այս տարի զարգանում է արագացված տեմպերով, և հույս ունենք, որ կհասնի ոչ միայն մինչև համավարակը եղած մակարդակին, այլ ավելի առաջ կգնանք:
Իր հերթին՝ Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերի և հանդիպման կազմակերպման համար: Նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ռազմավարական, դաշնակցային են:
Նիկոլ Փաշինյան - Մեր օրակարգը բոլոր ոլորտներում հագեցած է: Գործնականում մենք գործակցում ենք և օրակարգ ունենք ՀԱՊԿ, ԱՊՀ, Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Բայց պետք է խոստովանել, որ մեր վերջին հանդիպումների մեծ մասում քննարկում ենք տարածաշրջանային օրակարգ: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել Ձեր դերը 44-օրյա պատերազմի դադարեցման և Ռուսաստանի դաշնության խաղաղապահների տեղակայման հարցում: Դա շատ կարևոր կայունացնող գործոն է մեր տարածաշրջանում: Դուք բազմիցս նշեցիք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորությունը, բայց քանի որ տարածաշրջանային հարցերի մասին խոսել ենք, ուզում եմ նաև ընդգծել, որ չնայած տնտեսական ու այլ դժվարություններին, 2021 թվականին նշմարվում է ռուսական ներդրումների ակտիվացում Հայաստանում: Դա ազդանշան է ներդրողների համար, որ Հայաստանը շատ վստահելի երկիր է: Թեև, իհարկե, քովիդի հետ կապված տնտեսական բարդությունները շարունակվում են, բայց վերջերս արձանագրեցինք, որ ԵԱՏՄ շրջանակում ակտիվացել է տնտեսական շրջանառությունը:
Կարծում եմ, որ ի վերջո կհասնենք բոլոր տնտեսական ուղիների ապաշրջափակմանը՝ նշել է Նիկոլ Փաշինյանը: Նախագահ Պուտինն էլ հավելել է, որ կոմունիկացիաները, տրանսպորտային ուղիները, որոնց մասին խոսում է եռակողմ ձևաչափով, չափազանց կարևոր են բոլոր երկրների համար, իսկ իրենք շահագրգռված են, որ այդ կապը ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի հետ, լինի վստահելի և բազմակողմանի: