ՊՈՒՏԻՆԸ ԱԽ-ԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամներին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկման արդյունքները, որոնք, ըստ Կրեմլի հաղորդագրության, վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և ձեռք բերված պայմանավորվածություններին:
ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԱԼԻԵՎ-ԼՈՒԿԱՇԵՆԿՈ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Իլհամ Ալիևը Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 26-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Բելառուսի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են նաև Ադրբեջանի հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ:
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմենստանում հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ հետ: Այդ մասին Չավուշօղլուն հայտնել է «Թվիթերի» իր էջում: «Ջեյհուն Բայրամովի հետ քննարկեցինք տարածաշրջանային վերջին զարգացումները: Շարունակելու ենք համատեղ աշխատանքը»,- գրել է նա:
ԲԱՅԴԵՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԽՈՍԵԼ ՌԴ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ խոսելու մտադրություն է հայտնել: Պատասխանելով Ուկրաինայի իրավիճակի և պետական հեղաշրջման նախապատրաստման վերաբերյալ հայտարարությունների մասին լրագրողի հարցին՝ Բայդենը նշել է, որ մտահոգված է և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Հարցին, թե արդյոք Բայդենը խոսե՞լ է Պուտինի կամ Զելենսկու հետ, ԱՄՆ նախագահը պատասխանել է՝ «Ամենայն հավանականությամբ կխոսեմ»։
ՄԻՆՍԿԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ ԿՀԱՍՏԱՏՎԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Բելառուսի դեմ Եվրամիության պատժամիջոցների հինգերորդ փաթեթը՝ կապված միգրացիոն ճգնաժամի հետ, կհաստատվի դեկտեմբերի 1-ին՝ հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը: Գաբրիելյուս Լանդսբերգիսի խոսքով՝ նախկինում համաձայնեցված բոլոր սուբյեկտները կմնան պատժամիջոցների ցուցակում: Նա նշել է, որ խոսակցությունները, թե Բելառուսի «Բելավիա» ազգային ավիաընկերությունը ցուցակից կհանվի, չեն համապատասխանում իրականությանը: Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն էլ հայտարարել է, որ Մինսկում հանգիստ են վերաբերվում պատժամիջոցների նոր փաթեթներ սահմանելու ԵՄ մտադրությանը: Նրա խոսքով՝ Բելառուսի տնտեսությունը հաջողությամբ է հաղթահարում այդ ճնշումները։
ՇԱՏ ԵՐԿՐՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՎԻԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՀ-Ի ՀԵՏ
Հարավաֆրիկյան Հանրապետությունից Գերմանիա վերադարձած քաղաքացու մոտ նախնական տվյալով հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամը: Կորոնավիրուսի նոր տեսակի տարածման ֆոնին շատ երկրներ դադարեցրել են ավիահաղորդակցությունը Հարավային Աֆրիկայի երկրների և, մասնավորապես, Հարավաֆրիկյան Հանրապետության հետ՝ կապված այդ երկրում կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման մեծ տեմպերի հետ: