Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված և իրենց տունը կորցրած արցախցիները պատրաստ են վերսկսել կյանքը նոր ստեղծվող բնակավայրում: Փոքրից մեծ հետևում են, թե ինչպես է ապագայի տան քարը քարի վրա դրվում՝ Ստեփանակերտից 16 կմ հեռու գտնվող՝ Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ: Արցախցիներին վերադարձնելու և իրենց հողի վրա ապրեցնելու՝ Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ «100 տուն Արցախում» նախագիծը նոր շունչ է ստանում ողջ հայության միահամուռ ջանքերի շնորհիվ:
Հովհաննես Մովսիսյան, Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն - Առաջին տունը կառուցեց Հանրային հեռուստաընկերությունը, և մենք մեր օրինակով ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպես կարելի է օգնել՝ անկախ դժվարություններից: 13 տուն այս պահի դրությամբ պատրաստ է և, հուսով ենք, մինչև տարվա վերջ մի քանի ընտանիք կտեղափոխվի նոր բնակարաններ:
Հանրային հեռուսատընկերության գործադիր տնօրենը Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի հրավերով համայնքի ներկայացուցիչներին ներկայացնում է արցախցիների համար կառուցվող բնակարանների նախագիծը: Նոր բնակավայրը կառուցելու համար նախնական հաշվարկով անհրաժեշտ է 3 միլիոն դոլար: Պետերբուրգի հայկական համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ՝ գործարարներից մինչև մշակութային գործիչներ, պատրաստակամ են օգնության ձեռք մեկնել արցախցիներին:
Արմենակ Կարապետյան, գործարար, Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ - Այս նախագիծը վերածննդի նման մի բան է, գյուղեր ենք կորցրել, բայց այսօր ստեղծում ենք նորը: Շատ խորհրդանշական է մեզ համար, քանի որ մեր ազգն իր տեսակով չհանձնվող է: Ես անպայման կմասնակցեմ ծրագրին:
«Վերնատուն» մշակութային կենտրոնում նախագծի ներկայացումից հետո Պետերբուրգի հայ համայնքն իր աջակցությունը հայտնեց, խոստանալով՝ առնվազն մեկ տուն կկառուցեն Դահրավում:
Կարեն Մկրտչյան, Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ղեկավար - Ծրագիրը հույս, հավատ ու սեր է ներշնչում: Արցախցին պետք է ապրի իր հողի վրա:
Շինարարության ամբողջ ընթացքը ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերությամբ՝ որպես բաց հաշվետվություն և արձանագրում ի լուր աշխարհի, որ արցախցին ուժ է գտել վերականգնելու ու ապրեցնելու Արցախը։ Վերադառնալու ցանկություն շատերն են հայտնել, առաջնայնությունը տրվում է բազմազավակ ընտանիքներին: Նախաձեռնությունը դրական ազդեցություն կունենա նաև հարևանությամբ գտնվող գյուղի բնակիչների կյանքի վրա, քանի որ բացի տներից, կկառուցվեն նաև նոր ենթակառուցվածքներ՝ մանկապարտեզ ու մշակութային ակումբ։
Տիգրան Վիրաբյան, Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր - «100 տուն Արցախում» նախագծի մասին մենք պետք է սկսենք խոսել ամբողջ աշխարհում, և սա առաջին կետն է, որից մենք սկսում ենք: Շատ ուրախ եմ, որ օտար ափերում բնակվող մեր հայրենակիցները մեծ կարևորություն են տալիս այս նախագծին: Սա այն նախագիծն է, որով մենք ամեն շաբաթ խոսում ենք ապրող Արցախի մասին և սա այն նախագիծն է, որն ի վիճակի է մի գաղափարի շուրջ համախմբել բոլոր հայերին:
Ինչպես պատերազմի օրերին միահամուռ, յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով փորձեց օգնել հայրենիքին, այնպես էլ հիմա՝ պետք է ուժ գտնել օգնելու իրենց տունը կորցրած մեր հայրենակիցներին՝ ասում են Պետերբուրգի հայերը: Նրանք հույս են հայտնում, որ իրենց հանգանակությամբ վարակիչ օրինակ կլինեն ողջ սփյուռքի համար: