Ոստիկանությունը շարունակում է հանցավորության դեմ ամենօրյա ռեժիմով հետևողական պայքար մղել՝ իրականացնելով բազմաբնույթ ու ծավալուն միջոցառումներ։ Այս համատեքստում ՔՈԳՎ, ԵՔՎ և մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները տարբեր քրեական գործերի շրջանակներում մայրաքաղաքում ու մարզերում խուզարկել են ընդհանուր 5 ավտոմեքենա և 128 հասցե, այդ թվում, այսպես ասած՝ «օրենքով գող» և հանցավոր հեղինակություն համարվող անձանց։
Հայտնաբերվել են մարտական ատրճանակներ, տարբեր տեսակի հրացաններ, փամփշտատուփ, տարբեր հրազենների ու տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ, սառը զենքեր, մահակներ, զրահաբաճկոններ, կեղծ թղթադրամներ, կորցրած համարանիշներ, 24 գրամից ավելի մարիխուանա, հոգեմետ դեղահաբեր և այլն։
Հատուկ միջոցառման շրջանակներում ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել մի քանի տասնյակ անձ, այդ թվում, այսպես ասած, «օրենքով գող» և հանցավոր հեղինակություն համարվող անձինք։
Նրանցից մեկը՝ Գյումրու բնակիչ 38-ամյա տղամարդը, որը բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին, հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը՝ Գյումրու նախկին քաղաքապետի որդին: