Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի տեղակալներ Տիգրան Եղիազարյանը, Հարություն Գուլյանը, մարզպետի օգնական Մերի Բադալյանը, մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Մերի Շահազիզյանը, բաժնի աշխատակիցները, մարզպետարանի ենթակայությամբ գործող Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը, Ապարան ԲԿ-ի տնօրեն Հայկ Շմավոնյանը, Թալին ԲԿ-ի տնօրեն Սարգիս Ավագյանը, Ծաղկահովիտ ԱԿ-ի տնօրեն Արմեն Հակոբյանը, Արտենի ԱԿ-ի տնօրեն Վարուժան Հակոբյանը և համայնքային ենթակայութան բուժհիմնարկների ղեկավարները:
Խոհրդակցության ընթացքում ներկայացվել է մարզում պատվաստումային ընդգրկվածության դինամիկան, կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշները, քննարկվել են առողջապահական բնույթի մի շարք հարցեր:
«Մենք պետք է մոբիլիզացնենք բոլոր ռեսուրսները՝ պատվաստումային գործընթացն ակտիվացնելու համար. բնակիչների հետ անհրաժեշտ է բացատրական աշխատանքներ իրականացնել, որպեսզի վերջիններս գիտակցված պատվաստվեն, ոչ թե պարտադրված: Մարզի ընդհանուր պատկերը նայելիս վստահաբար կարող եմ ասել, որ իրավիճակը ձեր վերահսկողության ներքո է, և սա ամենամեծ երաշխիքն է, որ մենք հաղթահարելու ենք համավարակը:
Ցանկանում եմ՝ ժամ առաջ մեր ժողովուրդն այս համաճարակի ու մահվան ճիրաններից դուրս գա. դրան նպաստող օղակը դուք եք: Դուք՝ բուժաշխատողներդ, բավականին համեստորեն եք ներկայացնում այն ծանր աշխատանքը, որը կատարում եք: Շնորհակալ եմ ձեր նվիրումի համար. պատրաստ եմ 24-ժամյա գրաֆիկով ծառայել, որ ձեր աշխատանքներն ավելի լավ ընթանան: Մեր հանդիպումներն այսուհետ ավելի հաճախակի կլինեն, նաև բուժհաստատություններ այցելությունների ֆորմատով մենք միասին կքննարկենք ոլորտում առկա խնդիրները և համատեղ կլուծենք դրանք»,- ասել է մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, ապա առաջարկել, որ յուրաքանչյուրն իր մասով ներկայացնի առկա խնդիրները:
Մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Մերի Շահազիզյանը ներկայացրել է պատվաստումային ընդհանուր պատկերը՝ արդյունավետ որակելով հատկապես շարժական պատվաստումային խմբերի կողմից իրականացվող պատվաստումները: Բաժնի պետն ընդգծել է, որ բնակչությունն ակտիվորեն պատվաստվում է թե՛ բուժհաստատություններում, թե՛ շարժական կետերում: Մարզի բուժհիմնարկներում շաբաթ և կիրակի օրերին սահմանվել են նաև հերթապահություններ:
Բժիշկները փաստել են, որ պրակտիկան ցույց է տալիս՝ պատվաստված անձինք վարակվելու դպքում բավականին թեթև են կրում հիվանդությունը, պատահում են նաև դեպքեր, որ վարակակիր անձի հետ բնակվելով նույն տան մեջ, անգամ չեն վարակվում: Նրանք ընդգծել են, որ վերջին շրջանում բնակչությունն ավելի շատ է դիմում պատվաստվելու համար. պատվաստվել ցանկանում են նաև ռիսկի խմբի անձինք, ինչպես նաև բավականին շատ են կրկնակի պատվաստվել ցանկացող անձանց թիվը:
Մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրենց հուզող հարցերը: Դրանց գերակշիռ մասը վերաբերում էին տրանսպորտային ապահովվածությանը: Խնդրի լուծման համար Աշտարակի, Ապարանի, Թալինի ԲԿ-ների տնօրեններն առաջարկել են յուրաքանչյուրն իր տարածաշրջանի ամբուլատորիայի բժշկի շրջայցը կազմակերպի բժշկական կենտրոնին պատկանող մեքենայով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային մի շարք ընթացիկ հարցեր, հնչել է հարցուպատասխան: