Հասարակական տրանսպորտում դեռ պատշաճ չեն կազմակերպվում հակահամաճարակային կանոնները: Միկրոավտոբուսներն էլ շարունակում են գերբեռնված երթևեկել: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր Աջափնյակում խախտումների վերաբերյալ արձանագրություն են կազմում:
Գոռ Հարությունյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի փորձագետ) - Պատկերը նույնն է թե՛ մարզերում, թե՛ Երևանում, մեր քաղաքացիների դիմակների կրման խախտումները նվազել են: Խախտումներ հիմնականում հայտնաբերվում են տաքսոմոտորային ուղևորափոխադրողների հետ կապված: Այնտեղ լինում են դեպքեր, որ քաղաքացիները և վարորդները դիմակ չեն կրում, կազմվում են արձանագրություններ:
Խախտումները նվազել են, բայց վերահսկողությունը չեն պատրաստվում թուլացնել՝ վստահեցնում են տեսչական մարմնից: Հորդորում՝ ուղեսրահը պարբերաբար ախտահանել, ախտահանիչ հեղուկի առկայությունը ստուգել, հետո նոր երթուղի դուրս գալ:
Ռոման Իսրայելյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի մասնագետ) - Ստուգում ենք ախտահանիչ հեղուկի առկայությունը, հետևում ենք, որ ուղևորները և վարորդները պարտադիր դիմակ կրեն, ինչպես նաև պետք է մանրադրամի համար նախատեսված արկղիկ լինի, տեսնում ենք՝ ունի՞, թե՞ չէ:
Տեսչական մարմինը Երևանում մի քանի խմբով է ստուգում հասարակական տրանսպորտի հակահամաճարակային կանոնների պահպանումը: Մասնագետի խոսքով՝ ավելի շատ խախտումներ արձանագրում են շրջիկ խմբերը: Մայրաքաղաքում առաջնային խնդիրը դեռ գերբեռնված երթևեկությունն է.
Գոռ Հարությունյան - Կան կազմակերպություններ, որոնք մրցութային հանձնաժողովին ներկայացնելով իրենց շարժակազմը, շարժակազմից այս պահին դուրս են եկել տրանսպորտային միջոցների անսարք լինելու պատճառով, եղել են տրանսպորտային միջոցներ, որոնց 15 տարին արդեն լրացած է, և իրենք իրավունք չունեն շահագործեն, տվյալ տնտեսվարողները պարտավոր են լրացնել իրենց շարժակազմը և համապատասխան հաստատված չվացուցակի իրականացնեն ուղևորափոխադրում:
Անցած տասը օրում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տարբեր վարչական շրջաններում 366 տրանսպորտային միջոց է ստուգել: Մասնագետներն ու պարեկները 28 արձանագրություն են կազմել, հիմնականում նախազգուշացումներ տվել: