Հայաստանի կինոգործիչների միության 15-րդ համագումարը մասնակիցներն սկսեցին 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպան բոլոր զինվորների և այն կինոգործիչների, որոնք կյանքից հեռացել են վերջին 4 տարվա ընթացքում:
Վերադառնալով օրակարգին՝ կինոգործիչնեըը որոշեցին միության բովանդակային, ֆինանսական և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություններն ընդունել բաց քվեարկությամբ: Բովանդակային համակողմանի հաշվետվությամբ միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը, բացի նոր կինոծրագրերից, ներկայացրեց նաև գլխավոր ձեռքբերումները. ամբողջությամբ վերանորոգվել է գլխավոր դահլիճը, վերստին իր դռներն է բացել Կինոյի տան գլխավոր մուտքն ու ստեղծվել է Ազգային Սինեմատեքը, որը կպահպանի մեր կինոժառանգությունը: Եվ, իհարկե, վերականգնվել է կինոմթնոլորտն ու կինոյի տուն է վերադարձել հանդիսատեսը:
Ներկայացնելով ֆինանսական հաշվետվության թվերը՝ միության գլխավոր հաշվապահն ընդգծեց՝ անհամեմատ աճել են բժշկական ապահովագրության ու միության անդամներին ցուցաբերվող աջակցության ծավալները: 2017-ից սկսած՝ շատ ավելի շահեկան պայմաններով է կատարվել տարածքների վարձակալությունը, և բոլոր ֆինանսական շարժերն ամենամյա խիստ վերահսկողություն են անցել:
Միության վերստուգիչ հանձնաժողովը հատկապես բարձր գնահատեց հայ 10 երևելի կինոգործիչների շիրիմների վերանորոգման ու բարեկարգման նախաձեռնությունը: Օրակարգի գլխավոր հարցը՝ նախագահի ընտրությունը ևս որոշվեց անցկացնել բաց քվեարկությամբ: Բացի Հարություն Խաչատրյանից` միության նախագահի, այլ թեկնածուների առաջադրումներ չեղան, և կինոգործիչները միաձայն նախագահ ընտրեցին Հարություն Խաչատրյանին: Վերընտրված նախագահը գործընկերներին հատկապես շնորհակալ է աջակցության և անավարտ ծրագրերն իրականացնելու հնարավորության համար:
Ի դեպ, համագումարը նաև միության անվան հետ կապված կանոնադրական փոփոխություն կատարեց՝ այսուհետև այն կկոչվի Հայաստանի կինոգործիչների միություն, ինչն ավելի համահունչ է հայերենին: