ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Իրանը լրջորեն է տրամադրված բանակցություններին և համաձայնության գալուն՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը: Իրանի 13-րդ կառավարության ԱԳՆ աշխատանքի 100-րդ օրվան նվիրված զեկույցում Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Թեհրանի հստակ դիրքորոշումն է, որ բանակցությունների սեղանի շուրջ պետք է նախ ապահովվեն Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը և չեղարկվեն պատժամիջոցները: Իրանի և 4+1 խմբի միջև բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 29-ին Վիեննայում:
ԼԻՐԱՅԻ ԱՆԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԷՐԴՈՂԱՆԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԻՆ
Թուրքիայի նախագահ Էրդողանը լիրայի անկման համար մեղադրել է արտաքին ուժերին և հայտարարել, որ տոկոսադրույքների իջեցման քաղաքականությունը շարունակվելու է: Իզմիրում ելույթի ժամանակ նա ասել է, որ կան օտարերկրյա գործակալներ, որոնք հարձակվում են Թուրքիայի վրա, սակայն նրանք ինչ էլ անեն, Անկարան տնտեսական ծրագրից չի հրաժարվի: Լիրայի ռեկորդային արժեզրկման ֆոնին Թուրքիայի բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները մեղադրում են Էրդողանին և պահանջում անցկացնել արտահերթ ընտրություններ։
ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՉԷ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է իր հայտարարությունը հնարավոր պետական հեղաշրջման վերաբերյալ: Նա ընդգծել է, որ որևէ հեղաշրջման մասին խոսք լինել չի կարող: Զելենսկին վստահեցրել է. «Մեր բանակը հեղաշրջում իրականացնող չէ, նրանք դա չեն անում, նրանք ժողովրդի հետ են»։ Ուկրաինայի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ գաղտնի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ին պետական հեղաշրջում կարող է նախապատրաստվել գործարար Ռինատ Ախմետովի մասնակցությամբ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՏԱՐԱԾՎԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՆՈՐ ՇՏԱՄԸ
Կորոնավիրուսի նոր շտամը՝ oմիկրոնը, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կարող է տարածվել ամբողջ աշխարհում՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Նոր շտամն արդեն տարածվել մի շարք երկրներում: Հարավային Աֆրիկայում, Բոթսվանայում և Հոնկոնգում նոր տեսակի վարակի մասին առաջին անգամ հայտարարել են մի քանի օր առաջ: Ավելի վաղ ԱՀԿ-ն COVID-ի նոր շտամը ճանաչել էր որպես սպառնալիք աշխարհի համար։
ԿԱՆԱԴԱՆ ՄՈՒՏՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ
Կանադայի իշխանություններն արգելել են երկիր մուտքն օտարերկրյա այն քաղաքացիների համար, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Աֆրիկայի հարավի երկրներում, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարատեսակ: Կանադայի տրանսպորտի նախարարը հայտնել է, որ Կանադայի բոլոր քաղաքացիները, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Հարավային Աֆրիկայում, պարտադիր կորոնավիրուսի թեստ են հանձնելու: Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Եգիպտոսը նույնպես հայտարարել են Հարավաֆրիկյան Հանրապետության հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին:
«ՄՈԴԵՌՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՀԶՈՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԿՍՏԵՂԾԻ
Վիրուսի նոր շտամի տարածման ֆոնին դեղագործական Moderna ընկերությունը հայտարարել է, որ աշխատում է ավելի հզոր պատվաստանյութի վրա, որն ավելի լավ կպաշտպանի օրգանիզմը կորոնավիրուսի նոր մուտացիաներից, ինչպիսին է, օրինակ` օմիկրոն շտամը: Ընկերությունն առաջիկա շաբաթների ընթացքում մտադիր է արդեն մշակված նոր բուստերային դեղաչափերի փորձարկումներ իրականացնել: