Եվրասիական զարգացման բանկի կանխատեսմամբ՝ այս տարի անդամ երկրներից համախառն ներքին արդյունքի ամենաբարձր աճը կլինի Տաջիկստանում՝ 7.9 տոկոս, երկրորդը Հայաստանն է՝ 4.5 տոկոս, երրորդը՝ Ռուսաստանը՝ 4.1, Ղազախստանը չորրորդն է՝ 3.8, 3.7 տոկոս աճ էլ կանխատեսվում է Ղրղզստանում: Ամենացածր աճը՝ 2.1 տոկոս, Բելառուսում:
Կարեն Սարգսյան (տնտեսագետ) - Կանխատեսման մեջ նշվում էր, որ այս անդամ երկրներից միայն Հայաստանի և Տաջիկստանի տնտեսության ցուցանիշները դեռևս չեն հասել մինչհամավարակային մակարդակին: Տաջիկստանում, բնականաբար, ավելի մեծ չափով է այդ ճեղքվածքը:
Կառույցը նաև կանխատեսել է հաջորդ տարվա ՀՆԱ-ի աճի ցուցանիշները՝ Տաջիկստան՝ 6.2, Հայաստան՝ 4.8, Ղրղզստան՝ 4.5, Ղազախստան՝ 4.2, Ռուսաստան՝ 2.8 և Բելառուս՝ 0.7 տոկոս աճ:
Կարեն Սարգսյան - Համեմատելով անդամ մյուս երկրների հետ՝ Հայաստանի ցուցանիշը բարձր է, այսինքն՝ Բելառուսի համեմատ, Ղազախստանի համեմատ, ինչին նպաստելու է, բնականաբար, մեր կառավարության կողմից իրականացվող ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ինչպես և ճանապարհաշինություն, այլ ոլորտներ, որտեղ, ինչպես նաև առևտրի ոլորտի, ծառայությունների ոլորտի վերականգնումը, զբոսաշրջության աճը, սա նպաստելու է, որպեսզի մենք հասնենք մոտավորապես այդ 4.5 տոկոսանոց տնտեսական աճի ցուցանիշին:
Կառույցի կանխատեսմամբ՝ եկող տարի Հայաստանը ցածր գնաճ ունեցող երկրների շարքում կլինի: Այն կկազմի 5 տոկոս: Ամենաբարձր գնաճը սպասվում է Բելառուսում՝ 7.4 տոկոս, իսկ ամենացածրը՝ Ռուսաստանում՝ 4.9 տոկոս: Բացի այդ, ըստ բանկի՝ եկող տարի Հայաստանում դոլարի միջին փոխարժեքը կլինի 466 դրամ:
Կարեն Սարգսյան - Դրամավարկային քաղաքականության որոշակիորեն կոշտացումը գնաճի դեմ նաև պայքարի շրջանակում կնպաստի ազգային արժույթների, փոխարժեքի աջակցմանը, պահպանմանը:
Միջինում Եվրասիական զարգացման բանկի անդամ երկրներում տնտեսությունն այս տարի կաճի 4, իսկ հաջորդ տարի՝ 2.9 տոկոս:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան