Բելառուսի դեմ Եվրամիության պատժամիջոցների հինգերորդ փաթեթը՝ կապված միգրացիոն ճգնաժամի հետ, կհաստատվի դեկտեմբերի 1-ին: Այդ մասին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, փոխանցում է ТАСС-ը։
Լիտվայի ԱԳ նախարարի խոսքով՝ նախկինում համաձայնեցված բոլոր սուբյեկտները կմնան պատժամիջոցների ցուցակում: Նա նշել է, որ խոսակցությունները, թե Բելառուսի «Բելավիա» ազգային ավիաընկերությունը ցուցակից կհանվի, չեն համապատասխանում իրականությանը:
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, մեկնաբանելով այդ տեղեկությունը, հայտարարել է, որ դա սխալ որոշում կլիներ, քանի որ «Բելավիան» պոտենցիալ անօրինական միգրանտների է տեղափոխել Ասիայի և Աֆրիկայի երկրներից: Նրա խոսքով՝ բելառուսական ավիաընկերությունը միգրացիոն ճգնաժամի առաջացման մեղավորներից մեկն է:
Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն էլ հայտարարել է, որ Մինսկում հանգիստ են վերաբերվում պատժամիջոցների նոր փաթեթներ սահմանելու՝ ԵՄ մտադրությանը: Նրա խոսքով՝ Բելառուսի տնտեսությունը հաջողությամբ է հաղթահարում այդ ճնշումները։