Հանրակրթության ոլորտի բարեփոխումների արդյունքում պետք է ունենանք կրթության որակի վրա կենտրոնացած ուսումնական հաստատություններ, մանկավարժական անձնակազմեր և տնօրեններ, որոնք միաժամանակ ունեն բավարար աշխատանքային պայմաններ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը
«Մենք ի վերջո պետք է վերադառնանք նրան, ինչին կոչված է կրթական հաստատությունը: Մենք պետք է վերադառնանք մանկավարժությանը և կրթությանը, և բոլոր հարակից խնդիրները լուծենք այն տեղերում, որոնք նախատեսված են դրա համար»,- ասաց Անդրեասյանը:
Ժաննա Անդրեասյանը խոսեց նաև նախակրթարանների ու դպրոցների շինարարական ծրագրերի մասին:
«Կառավարության ծրագրում հստակ ամրագրված են մի շարք թիրախներ, մասնավորապես խոսքը 300 դպրոցների հիմնանորոգման, վերանորոգման և կառուցման, ինչպես նաև 500 մանկապարտեզների վերանորոգման, հիմնանորոգման և կառուցման ծրագրերի մասին է: Այս ուղղությամբ աշխատանքներն ինտենսիվ ընթանում են»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Անդրեասյանը մանրամասնեց, որ խոսքն ինչպես մոդուլային մանկապարտեզների, այնպես էլ փոքրաքանակ երեխաներով համալրված բնակավայրերում այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մասին է:
«Այս տարի մենք արդեն նման 10 բնակավայրերում նախադպրոցական ծառայություններ ստեղծել ենք, առաջիկա տարում նույնպես պլանավորված են աշխատանքներ»,- ասաց փոխնախարարը: