Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել 23.11.2021 թ. մոլորվելու հետևանքով
ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը և ՀՀ քաղաքացի Արեն Արամյանը։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում Արցախի քաղաքացու՝ ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր՝ Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000 թ. ծնված բնակիչը մոլորվելով հայտնվել էր Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերցվել արգելանքի:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել էր ռուս խաղաղապահներին, ընթանում էին բանակցություններ Մուսայելյանին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
Այսօր ՀՀ ՊՆ-ն հայտնել էր՝ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացու՝ Միհրան Էռնեստի Մուսայելյանին (ծնվ. 2000 թ.) և Արեն Ժիրայրի Արամյանին (ծնվ. 1993 թ.):
Իր հերթին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ Արեն Արամյանը ՀՀ ԶՈւ զինծառայող է, որը նոյեմբերի 16-ին վիրավորվել է մարտական դիրքում:
«Կուզեի շնորհակալություն հայտնել ռուսական կողմին այս արդյունավետ միջնորդական առաքելության համար՝ հույս հայտնելով, որ նրանց շարունակական ջանքերի շնորհիվ կհաջողվի կարճ ժամկետում հայրենիք վերադարձնել ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին»,- գրել է Արայիկ Հարությունյանը: