Այսօր Սոչիում տեղի է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին եռակողմ հայտարարության ստորագրման տարեդարձի առիթով: Ռուսական կողմն ակնկալում է, որ երեք պետությունների ղեկավարների հանդիպմանը հնարավոր կլինի նախանշել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները։ Այս մասին ուրբաթ ТАСС-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Հանդիպումն ընդհանուր առմամբ ուղղված է 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո անցած մեկ տարվա արդյունքների ամփոփմանը, տեսնելու, թե ինչ է արվել, և ինչ կարելի է անել հետագայում՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, ինչպես զարգացնել երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասել է Ռուդենկոն:
Բարձրաստիճան դիվանագետը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կարգավորման գործընթացում դեռ կան խնդիրներ, որոնք հայտնի են բոլորին։ «Դրանք վերաբերում են և՛ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, և՛ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում որոշակի զինված միջադեպերի, նույնիսկ մարդիկ են զոհվում»,- պարզաբանել է ՌԴ փոխարտգործնախարարը։