ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ТАСС-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Հարավային Կովկասում «3+3» ձևաչափին: Ըստ փոխարտգործնախարարի` Ռուսաստանը հուսով է, որ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան ձևաչափով հանդիպման հարցը արագ կուծվի: Դրա համար անհրաժեշտ է ստանալ բոլոր մասնակիցների համաձայնությունը:
«Վրաստանի տեղը «3+3» ձևաչափում կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Թբիլիսին պատրաստակամություն չի հայտնել մասնակցել այդ քննարկումներին»,- նշել է Ռուդենկոն և հավելել՝ տվյալ ձևաչափով հնարավոր հանդիպումը կարող է անցկացվել վեց պետությունների մայրաքաղաքներից մեկում: «Եթե Վրաստանը չհաստատի իր մասնակցությունը, նրա համար նախատեսված աթոռը թափուր կմնա»,- նշել է Ռուդենկոն:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել էր, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է «3+3» բանակցային ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով, որը կներառի նաև Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան: Ռուս նախարարը նշել է, որ իրանական կողմը դրական է վերաբերվել այդ գաղափարին, նույն վերաբերմունքը նկատվում է Ադրբեջանում և Թուրքիայում։ Ռուսաստանի Դաշնությունն աշխատում է Հայաստանի գործընկերների հետ և հույս ունի, որ Վրաստանը կկարողանա տեսնել իր հիմնարար շահը նման մեխանիզմ ստեղծելու գործում: