Սիլվա Ղազարյան (Շիրակի մարզի բնակիչ) - էն ժամանակ շունը բիլա չէր կրնա անցներ էս ճանապարհով, կյանքներիս մեջ (70 տարեկան ենք), էսպիսի բան չէինք տեսել, մայթերն ակուրատնի, կընկնեինք ու կելնեինք փոսերի մեջ:
Սա Արթիկ-Պեմզաշեն հանրապետական նշանակության ճանապարհահատվածն է, որի հիմնանորոգման պայմանագրային արժեքը 1 մլրդ 139 մլն դրամ է:
Վահագն Ստեփանյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագերի կառավարման դեպարտամենտի պետ) - Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են այս տարվա գարնանից: Ընդհանուր առմամբ 8.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածի երթևեկամասն արդեն պատրաստ է, գծանշումներն ավարտված են:
Արթիկցիները չեն հիշում, որ փոսալցումներից բացի՝ ճանապարհը երբևէ նորոգված լինի:
Լևոն Շաքարյան (բնակիչ) - էսպիսի բան 40 տարի առաջ էլ չէինք տեսել, եղել էր, եկել ասֆալտապատել, վրձինով ներկել, գնացել էին, հաջորդ տարի քանդվել էր, բայց 3-շերտանի ասֆալտ մեզ համար հայտնություն էր:
Նորացվել է ճանապարհի ջրահեռացման համակարգը, տեղադրվել են կողնակներ, այժմ էլ ընթանում են մայթերի կառուցման աշխատանքները:
Յուրիկ Զաքարյան (բնակիչ) - էսիգ մեր տունն է, սիգ էլ մայթս է, շատ գեղեցիկ շարում են, երեխեքը կելնին, կերթան դպրոց, մանկապարտեզ, շատ լավ է, կաշես՝ հավեսդ գուկա:
Վահագն Ստեփանյան - Այստեղ ոչ թե ասֆալտապատման, այլ բետոնե սալաքարերի միջոցով ենք իրականացնում: Այն հնարավորություն կտա և՛ երկար ծառայել, և՛ խնդրի դեպքում հնարավոր է այն փոխարինել:
Ընդհանուր առմամբ այս տարի Շիրակի մարզում իրականացվել են 32.5 կմ ճանապարհաշինական աշխատանքներ, որոնք արդեն բոլոր հատվածներում ավարտական փուլում են: Ամբողջովին պատրաստ է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 152-ից 156-րդ կմ տանող հատվածը։ Միջպետական ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը՝ 529 մլն դրամ է։
Վահագն Ստեփանյան - 2022-ի պլաններում ունենք Մ1 ճանապարհի որոշ կտորներ, որոնք հիմնանորոգվելուց հետո մենք արդեն կարող ենք շատ հեշտ երթևեկել դեպի Բավրա:
Միջպետական-Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման ավտոճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման պայմանագրային արժեքը 466 մլն դրամ է։
Վահագն Ստեփանյան - Մ7-Մ3 ճանապարհահատվածը շատ դժվարանցանելի էր, այնտեղ աշխատանքներն արդեն ավարտված են, ընթանում են աշխատանքի ընդունման պրոցեսները:
Ավարտական փուլում է հանրապետական նշանակության Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքը, որի պայմանագրային արժեքը 1 միլիարդից ավելի է։
Հիմնանորոգվել է Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.5 կմ երկարությամբ հատվածը՝ 595 մլն դրամ արժեքով։
Հիմնանորոգվել է Արթիկ-Անուշավան-Փանիկ տեղական նշանակության ավտոճանապարհի 3 կմ-անոց հատվածը։ Պայմանագրային արժեքը՝ 265 900 000 դրամ։
Շուրջ 368 մլն դրամ էլ հատկացվել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 12.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների համար։