ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հանդիպումը նախատեսված է Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներից հետո։
*****
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող է միջանկյալ միջոց կիրառել նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների իրավունքների ապահովման հարցով։ Դատարանն ստացել է 33 հայ գերիների նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ 39-րդ կանոնի կիրառման դիմում։ 28 անձի վերաբերյալ դիմումը ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից, ևս 5 անձի գործով ներկայացվել են անհատական դիմումներ՝ հնարավոր գերեվարված անձանց հարազատների կողմից: ՄԻԵԴ-ը բավարարել է միջանկյալ միջոցներ կիրառելու անհատական դիմումները: Հայաստանի կառավարության կողմից ներկայացված դիմումի հետ կապված՝ դատարանն Ադրբեջանի կառավարությունից պահանջել է տեղեկատվություն տրամադրել հայ ռազմագերիների վերաբերյալ:
*****
Ռուսաստանը հույս ունի, որ Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափով հանդիպման անցկացումը «ոչ հեռու ապագայի» հարց է։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Անհրաժեշտ է ստանալ բոլոր մասնակիցների համաձայնությունը․ երբ այն ձեռք բերվի, տեղյակ կպահենք հանդիպման անցկացման վայրի մասին»,- ասել է Ռուդենկոն։ Անդրադառնալով «3+3» ձևաչափին Վրաստանի մասնակցության հարցին՝ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ եթե նույնիսկ Թբիլիսին չցանկանա մասնակցել 6 երկրների մայրաքաղաքներից մեկում հնարավոր հանդիպմանը, նրա տեղը կպահպանվի, մինչև Թբիլիսին պատրաստ կլինի նման որոշման: «3+3» նախաձեռնությունը, ըստ Ռուդենկոյի, խոստումնալից գաղափար է՝ քանի որ հենց տարածաշրջանի երկրները պետք է լուծեն տարածաշրջանային խնդիրները: Օրեր առաջ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել էր, որ Թբիլիսին չի նախատեսում մասնակցել «3+3» ձևաչափին։
*****
Բեռլինում քննարկվում է Գերմանիայի կոալիցիոն նոր կառավարության կազմը։ Դաշնային կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելին կփոխարինի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլաֆ Շոլցը։ Սոցիալ-դեմոկրատները կառավարությունում կունենան նաև 7 նախարարական պորտֆել, այդ թվում՝ Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ղեկավարների պաշտոնները։ Կոալիցիոն կառավարությունում Կանաչների կուսակցությունից կնշանակվի 5 նախարար, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարարը, 4 նախարարական պորտֆել էլ կանցնի Ազատ դեմոկրատների կուսակցությանը: Գերմանիայի նոր կառավարության կազմում Գյուղատնտեսության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Կանաչների կուսակցության նախկին համանախագահ Ջեմ Օզդեմիրը: Թուրքական արմատներ ունեցող Օզդեմիրը դեռ 2016 թվականին հեղինակել է Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախագիծը:
*****
Թեհրանի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 23-ին որոշում է ընդունել Իրանի մայրաքաղաքի զբոսայգու և 38 ճանապարհների անվանափոխման վերաբերյալ։ Որոշման համաձայն՝ Մարյամի ծառուղին անվանակոչվել է հայկական Շուշի քաղաքի պատվին: Ուշագրավ է, որ իրանական կողմն օգտագործել է հենց Շուշի անվանումը և ոչ թե Ադրբեջանի կողմից շրջանառվող Շուշա տարբերակը: Որոշ փողոցներ անվանակոչվել են նաև իրանահայերի անունով։ Մի քանի փողոց էլ ստացել է ադրբեջանական քաղաքների և շրջանների անուններ։ Փանահի նրբանցքը անվանափոխել Նարդարան, որը Ադրբեջանում շիա մուսուլմանների կենտրոն է համարվում: Բարադարան փողոցը անվանափոխվել է Բադքուբայի՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հին պարսկական անունով։
*****
Ռուսաստանում՝ Կուզբասի «Լիստվյաժնայա» ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 51 մարդ, ընդհանուր առմամբ՝ տուժել է ավելի քան 60 մարդ։ Արտակարգ պատահարի պահին գետնի տակ է եղել 285 մարդ, մեծ մասին հաջողվել է դուրս բերել։ Ըստ նախնական վարկածի՝ զոհերը խեղդվել են ծխից, որն առաջացել է մեթանի պայթյունից, սպասվում է հատուկ հանձնաժողովի եզրակացությունը։ Իրավապահները ձերբակալել են հանքի տնօրենին, նրա առաջին տեղակալին, տեղամասի պետին և 1 շաբաթ առաջ ածխահանքում ստուգումներ անցկացրած մասնագետներին։ Կեմերովոյում նոյեմբերի 26-28-ը եռօրյա սուգ է հայտարարվել։ Ածխահանքում փլուզման հետևանքով զոհվածների հարազատներին ցավակցություն է հայտնել նաև ՀՀ ԱԳՆ-ն: «Խոր վշտով ընդունեցինք Կեմերովոյի մարզում տեղի ունեցած ողբերգական պատահարի լուրը, որը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու ծնողներին, շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ: