Նախորդ տարի Արցախում Արամի կորցրած երեք մատին նոր կյանք տալու համար հիմա հայկական ստարտափ թիմի հետ չափում են, որ ձեռքը սկանավորեն, 3D մոդել ստեղծեն: Յուրաքանչյուր զինվորի համար համապատասխան արհեստական ձեռք են ստեղծում:
Մարինա Դավթյան, ArmBionics ստարտափի համահիմնադիր - Մոդելի վրա նաև կարող եք տեսնել՝ ունենք առանձնացված շարժումներ, կարողացել ենք վերականգնել ցուցամատի առանձին շարժունակությունը, սակայն այս երեք մատը միասին են շարժվելու, որովհետև ամպուտացիան շատ խորն էր: Ենթադրենք՝ մարդու ձեռքն այսքան է ամպուտացված, բայց դաստակային հոդի շարժմամբ կարողանում է կառավարել, օրինակ, այս պրոթեզը, կատարել առօրյա գործողությունների նվազագույն քանակ:
Արամը համեստ է, տեսախցիկի առաջ չի խոսում բանակային կյանքից, բայց սպասում է, որ իր նոր մատներով համալսարանի քննությունները հանձնի: ArmBionics-ի թիմն արդեն 3 զինվորի հետ է աշխատում: Դեռ 2017-ից հետազոտում էին, պատերազմից հետո թիմ հավաքեցին: Նույնիսկ կամավորներ միացան աշխարհի տարբեր ծայրերից:
Նաև միոէլեկտրիկ ձեռք են մշակել, որ մկաններից եկած էլեկտրական ազդակներով կառավարում է ձեռքը:
Մարինա Դավթյան - Տեղադրվում են տվիչները մկանախմբերի վրա, և արդեն պացիենտը կարողանում է անել մի քանի խումբ շարժումներ:
Այս ամենը նորից փորձարկելու համար աշխատում են Աշխատանքի և սոցիալական հարցերի գերատեսչության հետ, հաղթել են Բարձր տեխնոարդյունաբերության նախարարության «Գաղափարից բիզնես» ծրագրում: Հայաստանում զինվորների ձեռքերին 2-րդ կյանք տվող դեռ միակ ստարտափն այստեղ է նաև 3D տպիչով դետալ-դետալ ստեղծում արհեստական ձեռքերը: