ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայի ոստիկանության հատուկջոկատայինները Ստամբուլում ցրել են կառավարության տնտեսական քաղաքականության և գնաճի դեմ բողոքի ցույցը։ Ցույցի մասնակիցները պահանջել են երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրաժարականը: Ձերբակալվել է ակցիայի ավելի քան 30 մասնակից: Ոստիկանությունը ուժ և արցունքաբեր գազ է կիրառել նաև Ստամբուլում տեղի ունեցած կանանց երթի մասնակիցների նկատմամբ, ովքեր բողոքել են երկրում կանանց նկատմամբ հանցագործությունների թվի աճի, ինչպես նաև լիրայի արժեզրկման և գնաճի դեմ:
Թուրքիայի կառավարության վարած տնտեսական քաղաքականության և մարդկանց կենսապայմանների վատթարացման հետ կապված բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Անկարայում և այլ քաղաքներում:
ՀՀ-Ն ՊԵՏՔ Է ՕԳՏՎԻ ԸՆՁԵՌՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԽ
Հայաստանը պետք է օգտվի խաղաղության հաստատման ընձեռված հնարավորությունից և հետևի հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանմանն ու համագործակցի։ Այս մասին ասվում է Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։
«Հայաստանը պետք է գնահատի որպես հնարավորություն իրեն մեկնած խաղաղության ձեռքը, լիովին պահպանի հրադադարը և համագործակցելու հանձնառություն ցուցաբերի»,- ասված է հայտարարության մեջ։
ԱԾԽԱՀԱՆՔԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 50 ՄԱՐԴ
Ռուսաստանում՝ Կուզբասի «Լիստվյաժնայա» ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է ավելի քան 50 մարդ, ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 60 մարդ։ Ըստ նախնական վարկածի՝ հանքավայրում մեթանի պայթյուն է տեղի ունեցել։ Իրավապահները ձերբակալել են հանքի տնօրենին, նրա առաջին տեղակալին ու տեղամասի պետին։
Արտակարգ պատահարի պահին գետնի տակ է եղել 285 մարդ, մեծ մասին հաջողվել է դուրս բերել։ 35 հանքափորի գտնվելու վայրն անհայտ է։
Հանքավայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Կեմերովոյի մարզում տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո «կհաջողվի հնարավորինս շատ մարդկանց փրկել»: «Սա մեծ ողբերգություն է ընտանիքներիի, ազգականների համար։ Մեծ դժբախտություն է»,- ասել է Պուտինը։
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՆՈՐ ՇՏԱՄ. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նիստ է հրավիրել՝ Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման հետ կապված։ Կազմակերպությունը հայտնել է, որ հետևում է կորոնավիրուսի՝ տասնյակ մուտացիաներով նոր տարբերակին և նախատեսում է քննարկել, թե որքան արդյունավետ կլինեն առկա պատվաստանյութերը դրա դեմ պայքարում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները ուսումնասիրում են նոր շտամը: Եթե արդյունքները մտահոգիչ լինեն, ապա այն կստանա հունարեն այբուբենի տառի անվանում։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի և Իսրայելի իշխանությունները հայտարարել էին դեպի հարավաֆրիկյան երկրներ թռիչքների դադարեցման մասին՝ Բոտսվանայում նոր շտամի հայտնաբերման պատճառով։