Վերջին շրջանում նկատելի են դարձել երկրի սահմանային անցակետերը հատող բեռնատարների մաքսային հայտարարագրերում ապրանքների ծագման վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության ներկայացման և ապրանքները պատշաճ չհայտարարագրելու նոր գործելաոճ:
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչությունը հետևողական հսկողության արդյունքում բացահայտել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Բագրատաշենի մաքսային կետ-բաժին մուտք գործած բեռնատարում առկա են եղել չհայտարարագրված ապրանքներ: Մաքսային հսկողության շրջանակներում իրականացված զննությունից պարզվել է, որ բեռնատարի ապրանքները ոչ իրենց անվամբ են հայտարարագրված։ Այսպես, մաքսային մարմնին ներկայացված փաստաթղթերի համաձայն բեռնատարում պետք է լիներ կահույքի լամինացված շերտեր, կահույթի մետաղական ոտքեր, սահաձողեր, բռնակներ, խոհանոցի էլեկտրական վառարաններ և օդաքաշ պահարաններ: Մեքենայում, սակայն, փաստացի հայտնաբերվել են այլ ապրանքներ, լրիվ այլ քանակությամբ:
Արկղերի զննումից ի հայտ են եկել վերապիտակավորման հատկանիշներ, ինչպես նաև պարզվել է, որ փաստաթղթերում ապրանքի ծագման երկիրը նշված է ՌԴ, իսկ տուփերի վրա փակցված է այլ երկիր՝ Չինաստան: Փաստի առթիվ մաքսային ծառայողների կողմից հայտնաբերված ապրանքը և տրանսպորտային միջոցը վերցվել են, կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն՝ ապրանքների ծագումը հավաստելու նպատակով ապրանքը տեղափոխող ընկերության տնօրենին առաջարկվել է ներկայացնել ապրանքի ծագման հավաստագիր, քանի որ արդեն իսկ հայտնաբերված փաստերը վկայում են այն մասին, որ մաքսային հայտարարագրի մեջ ներկայացված՝ ապրանքի ծագման վերաբերյալ տեղեկությունները հավաստի չեն։
Նմանատիպ բոլոր դեպքերում, նյութերի նախապատրաստման շրջանակներում, կատարվում է պակաս վճարված մաքսային վճարների հաշվարկ։ Եթե հաշվարկի արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը գերազանցվում է 4 մլն դրամը, ապա քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվում է քրեական գործ և հետաքննիչի որոշմամբ բեռն առգրավվում։
Բացահայտված այս դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է բազմակողմանի քննություն։ Ի դեպ, պարզվել է նաև, որ ապրանք տեղափոխող ընկերության տարանցման հայտարարագրով ՀՀ տեղափոխված ապրանքը փաստացի ձեռք է բերվել Վրաստանում և հենց Վրաստանից է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն՝ վերաարտահանում՝ (ռեէքսպորտ) մաքսային ընթացակարգով:
Այս դեպքին առնչվող նյութերը փոխանցվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու նպատակով։
Ծանուցում` հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: