Զավեն Սարգսյանի լուսավոր հիշատակը վերստին նրա շիրմաքարի մոտ է հավաքել հարազատներին, մտերիմ բարեկամներին ու գործընկերներին: Հուշաքարը զարդարող հրեշտակները բնավ պատահական չէ, որ հայտնվել են այստեղ: Քանդակագործ Ալեքսան Բաբայանն առաջին անգամ դրանք նախագծել է 96-ին՝ թանգարանի հուշատախտակի համար, և էսքիզը նվիրել Զավեն Սարգսյանին, քանի որ գաղափարը նրան շատ էր դուր եկել: Հիմա նույն էսքիզով ձևավորվել է տապանաքարը՝ խորհրդանշելով այն ստեղծագործական սկիզբն ու հոգևոր եղբայրությունը, որ կապում էր Զավենին ու Փարաջանովին:
Զավեն Սարգսյանի մահից մեկ տարի անց թանգարանում ոչինչ չի փոխվել. գործընկերները պահպանում են հավատարմությունը նրա աշխատաոճին ու սկզբունքներին, իսկ տնօրենի աշխատասենյակն անփոփոխ է՝ սկսած նրա վերջին աշխատանքային օրից: Մահվան տարելիցի առիթով թանգարանը հրատարակել է «Ով էր Փարաջանովը» գիրքը, որը Զավենի վերջին անավարտ աշխատանքն էր:
Վաղեմի ընկերոջ մի այլ անկատար երազանքի մասին է հիշատակում կինոմիության նախագահ Հարություն Խաչատրյանը: 17 տարի առաջ, երբ «Ոսկե ծիրանը» Երևանում կազմակերպեց Աբաս Քիառոսթամիի լուսանկարների ցուցահանդեսը, կինոփառատոնի տնօրենն այդ լուսանկարներն ի պահ տվեց Զավեն Սարգսյանին: Բազմաթիվ այլ հայ լուսանկարիչների նման Զավենն էլ երազում էր Երևանում լուսանկարչության թանգարանի մասին, և հիմա Հարություն Խաչատրյանը մտածում է նրա և իր տարիների երազանքն իրականացնելու մասին:
Զավեն Սարգսյանի անսպառ ստեղծագործական եռանդի, նրա անհավատալի ծրագրերի ու մարդկային տեսակի մասին սիրով են հիշում ընկեր-բարեկամները: Զավեն Սարգսյանի բազմաթիվ տաղանդների հետ ընկերներն ընդգծում են նրա ոգեշունչ խանդավառությունն ու հավատը, որ ճշմարիտ արժեքները կարող են ինչ-որ բան փոխել այս անկատար աշխարհում: