Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի և մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի հետ աշխատանքային այցով եղել է Ապարանի Հ. Ոսկանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում:
Ներկաները տեղում ուսումնասիրել են դպրոցի բակային հատվածը, քննարկել են ցանկապատի կառուցման և բակի բարեկարգման ուղղությամբ ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Մարզպետը հանձնարարել է մասնագիտորեն քննարկել, իրեն ներկայացնել անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների և աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ խնդրի լուծման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու նպատակով:
Այնուհետև ներկաները հանդիպել են դպրոցի կոլեկտիվին: Մանկավարժները ներկայացրել են ատեստավորման, վերապատրաստման, գնահատման կարգի վերաբերյալ իրենց մտահոգությունները, առաջարկել են իրականացնել որոշակի օրենսդրական փոփոխություններ. մարզպետ Պետրոսյանը և ԱԺ պատգամավոր Ասատրյանը պայմանավորվածություն են ձեռք բերել լրացուցիչ քննարկել մանկավարժների կողմից բարձրացված հարցերը և, ըստ անհրաժեշտության, դրանք ներկայացնել նաև օրենսդիրին:
Քննարկվել են աշակերտների առաջադիմության և հանրակրթությանը վերաբերող, ինչպես նաև հակահամաճարակային կանոնների պահպանման և ձմռան ամիսներին դպրոցում ջերմային ռեժիմի պահպանման վերաբերյալ հարցեր: Արագածոտնի մարզպետարանն ընթացիկ տարում շուրջ 5 միլիոն դրամ է հատկացրել դպրոցին, որով վերանորոգվել են դասասենյակներ, սանհանգույցներ, ձեռք է բերվել աշակերտական գույք: