Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Պարոն Ղազինյանը չընտրվեց, պարոն Օհանյանին առաջարկում ենք նոր թեկնածությամբ հանդես գալու:
Այս խոսքերն Անդրանիկ Քոչարյանը հնչեցրել է արդեն 13 անգամ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները օգոստոսի 31-ից սկսած մերժում են Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանին ընտրելու «Հայաստան» խմբակցության առաջարկը: 8-րդ գումարման խորհրդարանում սա միակ հանձնաժողովն է, որն արդեն 3 ամիս է՝ փոխնախագահ չունի: Հանձնաժողովի անդամ, «Քաղպայմանագրից» Վիլեն Գաբրիելյանը մշակել է.
Վիլեն Գաբրիելյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Օրենքի բացն ուզում ենք լրացնել, այդպիսով այդ խնդիրը լուծել, որպեսզի ընդդիմությունը ներկայացնի նոր թեկնածու, քանի որ նախագահի ընտրության ժամանակ օրենքը հստակ նշում է, որ, եթե թեկնածուն մեկ անգամ չի ընտրվում, արդեն ներկայացվում է նոր թեկնածու: Միաժամանակ, նույնը չունենք տեղակալի ժամանակ, ինչը օրենքի բաց է:
Գաբրիելյանն առաջարկում է նույն կարգը կիրառել նաև մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության պարագայում: Փոփոխության ընդունման դեպքում մեկ անգամ չընտրված թեկնածուն երկրորդ անգամ առաջադրվելու իրավունք չի ունենա:
Վիլեն Գաբրիելյան - Ընդդիմությունը Դոնթի բանաձևով իրավունք ունի առաջադրել թեկնածու, ես էլ, որպես ԱԺ պատգամավոր, իրավունք ունեմ այդ թեկնածուին ընտրելու ու չընտրելու:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերում «Քաղպայմանագրի» պատգամավորները նշել են Արթուր Ղազինյանին չընտրելու պատճառները՝ Ղազինյանի՝ բանակում ծառայած չլինելը, ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը չներկայացնելը, ինչպես նաև նրա մի շարք հայտարարություններ: Գաբրիելյանն այս հարցում իր համոզմունքն ունի:
Վիլեն Գաբրիելյան - Ըստ իս, պարոն Ղազինյանը ոչ կոմպետենտ է, ոչ պրոֆեսիոնալ է, այդ թվում նաև խնդիր ունեմ իր մարդկային և բարոյական որակների հետ:
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում լրացման նախագծի քննարկումն այն մշակած պատգամավորը նախատեսում է ապահովել հնարավորինս սեղմ ժամկետում: Հարցի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն վերցնել Արթուր Ղազինյանից, որը նշեց, որ նախագիծն իրեն հետաքրքիր չէ և այն մեկնաբանել չի ցանկանում: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հայտնեց՝ օրինագծի վերաբերյալ կխոսեն այն ժամանակ, երբ այն ներառված կլինի խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան