Հայաստանում տարեկան ավելի քան 300 մարդ է մահանում՝ ավտովթարների պատճառով: Հարևան երկրների համեմատ մեկ շնչի հաշվով սա ամենավատ ցուցանիշն է:
Արմեն Մկրտչյան (ՀՀ ոստիկանության շտաբի պետ) - Պատահարների պատճառները տարբեր են. ունենք վարորդների մեղավորության արդյունքում, ճանապարհների ենթակառուցվածքների, լուսավորության հետ կապված խնդիրներ:
Ճանապարհատրանսպորտային պատահարները նվազեցնելու նպատակով Հայաստանում առաջին անգամ իրականացվելու է ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ:
Նաթիա Նացվլիշվիլի (ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ) - Սա բացառիկ ծրագիր է: Մենք առաջին անգամ Հայաստանում փորձում ենք ներդնել ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման նորարարական մեթոդներ: Կարծում եմ՝ մեր առջեվ դրված նպատակները հաջողությամբ կիրականացնենք:
Ծրագրի իրականացման նպատակով ոչ միայն նորագույն տեխնոլոգիաներ են ներդրվելու, այլև ուսումնասիրվելու է նույնիսկ վարորդների վարքագիծը:
Տիգրան Ճորոխյան (Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ղեկավար) - Օրինակ՝ կկարողանանք բացահայտել, թե որ մակնիշի, որ գույնի մեքենայի վարորդը ինչ վարքագիծ ունի տարբեր իրավիճակներում:
Ծրագրի իրականացմանն աջակցելու են Ոստիկանությունն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Քրիստինե Ղալեչյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Բացի մարդկային կորուստներից՝ նաև նյութական կորուստն է զգալի: Ըստ հաշվարկների՝ ճանապարհատրանսպորտային պատահարները կրճատում են Հայաստանի ՀՆԱ-ի ավելի քան մեկ տոկոսը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան