ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի ու Արցախի զարգացման օրակարգին, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանությանը վերաբերող մի շարք հարցեր:
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռամկավար ազատական կուսակցության՝ համահայկական նշանակության խնդիրների լուծման նպատակով իրականացրած աշխատանքները:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: