Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ամփոփիչ ճեպազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են մինչև տարեվերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ: «Կողմերը պայմանավորվել են տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ»,- ասել է Կրեմլի ղեկավարը:
Նա նաև նշել է, որ ընդգծվել է հումանիտար հարցերի հրատապ լուծման անհրաժեշտությունը, և այդ հարցում նույնպես արձանագրվել է առաջընթաց: Վլադիմիր Պուտինը նաև տեղեկացրել է, որ որոշման համաձայն՝ երեք երկրների փոխվարչապետները կրկին կհանդիպեն Մոսկվայում:
Ճեպազրույցի ավարտին Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին շնորհակալություն է հայտնել «կառուցողական հանդիպում անցկացնելու համար» և նրանց է հանձնել հատուկ պարգև՝ ձիթենու ճյուղ: «Ձիթենու ճյուղը, ինչպես գիտեք, խորհրդանշում է խաղաղությունը և բարեկեցությունը»,- ավարտել է Պուտինը: