ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծել է ՌԴ և անձամբ նախագահի դերը՝ 44-օրյա պատերազմի դադարեցման գործում, ինչպես նաև ընդգծել ռուս խաղաղապահների դերը՝ որպես տարածաշրջանը կայունացնող գործոն: «Հայաստանի և ՌԴ միջև հագեցած օրակարգ կա բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում: Չնայած՝ դժվարություններին՝ Ռուսաստանից դեպի Հայաստան ներդրումային հոսքն ավելացել է, ինչը լավ նշան է մյուս ներդրողների համար, որ Հայաստանը վստահելի երկիր է»,- ասել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ չնայած կորոնավիրուսի հարուցած բարդությունները դեռևս շարունակվում են, մեր երկիրն ուրախությամբ է արձանագրել, որ ԵԱՏՄ շրջանակում արձանագրվել է առևտրաշրջանառության աճ: Նա հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի հասնել տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, ինչը, իր հերթին, ավելի կաշխուժացնի առջևտրաշրջանառությունը:
ՌԴ նախագահը լիովին համաձայնել է ՀՀ վարչապետի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում: Նա ասել է, որ Ռուսաստանը նույնպես մեծապես հետաքրքրված է, որպեսզի այդ ուղիները բացվեն: «Մեզ համար կարևոր է, որ մեր ռազմավարական գործընկեր Հայաստանի հետ այդ ուղիները գործեն կայուն և վստահելի կերպով: Հույս ունեմ, որ այդ ուղղությամբ առաջիկայում զգալի առաջընթաց կարձանագրենք: Այն պահից, երբ մարդիկ զգան, որ այդ ամենը գործում է, իրավիճակը տարածաշրջանում կտրուկ կփոխվի»,- ասել է ՌԴ նախագահը: