Կիևի քաղաքային խորհրդի կայքում միջնորդագիր է հայտնվել Ուկրաինայի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ «Մայր Հայրենիք» քանդակի սեռը փոխելու պահանջով՝ գրում է РИА Новости-ն։
«Այս կառույցի սկզբնական մտահղացումը և խորհրդային գեղագիտությունը չեն համապատասխանում հասարակության ժամանակակից քաղաքական և գաղափարական պահանջներին»,- գրել է միջնորդագրի հեղինակ Ալեքսանդր Արտյոմովը։
Նա առաջարկում է «Մայր Հայրենիքը» վերածել Միքայել Հրեշտակապետի հուշարձանի: «Քանի որ այս կինը բավական առնական տեսք ունի, հարկավոր է հեռացնել կրծքավանդակը, խորհրդային զինանշանը փոխարինել Կիևի զինանշանով և թևեր ավելացնել քանդակին»։
«Եթե լրացուցիչ միջոցներ հայտնաբերվեն, թևերը կարելի է շարժական դարձնել, որպեսզի քամու ազդեցության տակ դրանք տատանվեն»,- հավելել է Արտյոմովը։ Նրա կարծիքով՝ հուշարձանը քանդելը տնտեսապես անշահավետ է:
«Մայր Հայրենիք» հուշարձանը տեղադրվել է 1981 թվականին։ Պողպատե 62 մետրանոց քանդակը մի ձեռքում պահում է 16 մետրանոց սուրը, մյուսում՝ ԽՍՀՄ զինանշանով վահանը։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 102 մետր է, այն երևում է Կիևի բոլոր հեռավոր անկյուններից։
Նոյեմբերի 24-ին ներկայացված խնդրագիրը նոյեմբերի 26-ի դրությամբ ստորագրել է 11 մարդ:
2015 թվականից Ուկրաինայում գործում է այսպես կոչված ապակոմունիզացիայի օրենքը, որն արգելում է խորհրդային շրջանի խորհրդանիշների քարոզչությունը։ Օրենքին հետևելով՝ ամբողջ Ուկրաինայում քանդվել են այդ ժամանակաշրջանի բազմաթիվ հուշարձաններ։