Միջազգային խումբը կարողացել է նեյրոնային ցանցի շնորհիվ ավարտին հասցնել Լյուդվիգ վան Բեթհովենի տասներորդ սիմֆոնիան: Այդ մասին հայտնում է РБК-ն:
Կոմպոզիտորը սիմֆոնիայի ստեղծման աշխատանքը սկսել է 1824 թ., սակայն այն կիսատ է մնացել՝ երեք տարի անց Բեթհովենի մահվան պատճառով: Սիմֆոնիան ավարտելու մի քանի անհաջող փորձ է կատարել մի քանի կոմպոզիտոր՝ տարբեր ժամանակաշրջաններում: Բեթհովենի արվեստն ուսումնասիրողները կարողացել են ի մի բերել Տասներորդ սիմֆոնիայի մոտ 50 հատված: 1980-ական թթ. բրիտանացի կոմբոզիտոր Բարի Կուպերը վերականգնել է ստեղծագործության առաջին և երկրորդ մասերը: 2013 թ. գերմանացի կոմպոզիտոր Գերդ Պրենգելը միավորել է բոլոր սևագրերը, իսկ Հիդեակի Շիչիդան վերականգնել է բոլոր չորս հատվածները:
2019 թ. Շլետի և Հերբերտ ֆոն Կարայանի ինստիտուտի տնօրեն Մատիաս Ռեդերը սկսել է հավաքել թիմ՝ Բեթհովենի ստեղծագործությունն արհեստական բանականության շնորհիվ ավարտելու նպատակով: Խմբի կազմում ընդգրվել են ավստրիացի կոմպոզիտոր Վալտեր Վերզովան, երաժշտության ավտոմատ ստեղծման մասնագետ Մարկ Գոթեմը, դաշնակահար և երաժշտագետ Ռոբերտ Լևինը, որը մինչև այդ արդեն ավարտին էր հասցրել Մոցարտի և Բախի մի քանի ստեղծագործություն: Թիմին միացել է նաև ամերիկյան Ռատջերս համալսարանի՝ արհեստական բանականության լաբորատորիայի պրոֆեսոր Ահմեդ Էլգամալը:
Սկզբնական փուլում մասնագետները նեյրոցանցին «սովորեցրել են» ճանաչել ստեղծագործությունները, որպեսզի այն կարողանա հասկանալ կիսատ մնացած հատվածները և առաջարկի ավարտի տարբերակներ: Արհեստական բանականությունը պետք է «մտածեր ինչպես Բեթհովենը» և նրա սևագրերն օգտագործելով որպես հուշում՝ ավարտին հասցներ ստեղծագործությունը:
Էլգամալը ստեղծել է չորս նեյրոցանց, որտեղ ներբեռնել է Բեթհովենի սոնատները, կոնցերտները, լարային կվարտետները և ինը սիմֆոնիաները: Ցանցերից երկուսը զբաղվել է հարմոնիայով և գործիքավորմամբ, երրորդը մշակել է թեմաները, իսկ չորրորդը՝ միավորել դրանք: 2019 թ. նոյեմբերին արհեստական բանականությունը ներկայացրել է ստեղծագործության իր տարբերակի մի մասը: Խմբի անդամ դաշնակահարն այն կատարել է Բոննում՝ լրագրողների, երաժշտագետների և բեթհովենագետների առջև: Ունկնդիրներին խնդրել են որոշել, թե որ հատվածն է Բեթհովենի գրածը, որը՝ նեյրոցանցինը: հավաքվածները չեն կարողացել որոշել: Դրանից հետո պարտիտուրաներից մեկը նվագել է լարային քառյակը: Ունկնդիրները կրկին չեն կարողացել որոշել նեյրոցանցի գրած հատվածները: Խումբը որոշել է, որ ընթանում է ճիշտ ուղով:
Հաջորդ մեկուկես տարվա ընթացքում երաժշտագետները կատարելագործել են նեյրոցանցի աշխատանքը: Արդյունքում արհեստական բանականությունը կարողացել է ավարտին հասցնել Բեթհովենի ստեղծագործության պակասող երկու մասերը: Սիմֆոնիայի առաջնախաղը կայացել է 2021 թ. հոկտեմբերի 9-ին Բոննում: Էլգամալի խոսքով՝ ունկնդիրներից ոմանք դահլիճից հեռացել են արցունքն աչքերին: