Նոյեմբերի 26-ին ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գեղամ Ստեփանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։
Նիստի քննարկմանն էր ներկայացվել «Արցախի Հանրապետության 2022 թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը։ ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ օրենքի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով համավարակի և 2020 թ․ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի բացասական հետևանքները, ինչպես նաև պետության առջև ծառացած մարտահրավերները։
2022 թ․ պետական բյուջեի ծախսերն ուղղված են լինելու բնակչության անվտանգության ապահովմանը, կայուն տնտեսական աճ ապահովող և տնտեսության արագ զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը, քաղաքացիների՝ բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունների ու կարողությունների ընդլայնմանը, պետականաշինությանն ու պաշտպանունականությունն ապահովող ինստիտուտների զարգացմանը։
Անդրադառնալով 2021 թ. մակրոտնտեսական ցուցանիշներին՝ Վահրամ Բաղդասարյանը խոսել է տնտեսության բոլոր ճյուղերում արձանագրված տնտեսական անկման մասին, որի արդյունքում 2021թ. 1-ին կիսամյակի ՀՆԱ-ն նվազել է 28,3%-ով՝ կազմելով 98,8 մլրդ դրամ։
ՀՆԱ –ի բացասական հավելաճ գրանցվել է հիմնականում արդյունաբերության ճյուղի հաշվին՝ 13,9%, շինարարության ճյուղի հաշվին՝ 0,4%, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկորսության ճյուղի հաշվին՝ 5,0%, առևտրի և ծառայությունների ճյուղի հաշվին՝ 8,1 տոկոս:
Ֆինանսների նախարարի խոսքով ՝ 2021 թ. ՀՆԱ-ն կկազմի 236,5 մլրդ դրամ՝ հանգեցնելով շուրջ 17,3 տոկոս տնտեսական անկման՝ 5,5 տոկոս դեֆլյատորի պայմաններում։ 2022 թ․ ՀՆԱ-ի ծավալը ըստ կանխատեսումների կկազմի 263,7 մլրդ դրամ, աճը՝ մոտ 8․0 տոկոս՝ կանխատեսվող 3,2 տոկոս դեֆիլյատորի դեպքում։
Կանխատեսվել է գնաճ 3 տոկոսի սահմաններում։ «2022 թ․ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 184 մլրդ 300․0 մլն դրամ, ծախսերը՝ 214 մլրդ 662,3 մլն դրամ, դեֆիցիտը կկազմի 30 մլրդ 362․3 մլն դրամ, որը կֆինանսավորվի փոխառու միջոցների հաշվին»,- նշել է ֆինանսների նախարարը։ 2022 թ․ պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 40,3 մլրդ դրամի չափով, որից հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 40,0 մլրդ դրամ, որը 2021թ․ համար պլանավորված եկամուտներից ավել է շուրջ 2․4 անգամ, իսկ սպասվող եկամուտներից ՝ 33 տոկոսով:
Բյուջետային վարկի չափը 2022 թ․ կկազմի 144,0 մլրդ դրամ նախորդ տարվա համար հաստատված ցուցանիշի համեմատ 79 մլրդ 219․3 մլն դրամով ավել։ Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 214 մլրդ 662,3 մլն դրամ, որը ավել է նախորդ տարվա հաստատված պետական բյուջեի ծախսերից 62․2 %-ով: ՀՆԱ –ում ծախսերի մակարդակը կկազմի 81,4,%՝ 2021 թ. 58,9%-ի դիմաց:
2022 թ․ հունվարի 1-ից նախատեսվում է աշխատանքային, սոցիալական, սպայական շարքային կազմի զինծառայողների կենսաթոշակների 20 տոկոսով բարձրացում։ Պետական նպաստի չափերը կբարձրանան միջինը 20 տոկոսով։ 2022 թ․ հունվարի 1-ից հետո ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր երեխայի ծնողին կնշանակվի և մինչև երեխայի 6 տարեկան լրանալը կվճարվի 50000 դրամի չափով դրամական աջակցություն։ Տեղահանված ընտանիքների բնակվարձի տրամադրման նպատակով նախատեսվել է 5 մլրդ 334,8 մլն դրամ։