Ժամանակի հետհաշվարկը սև ուրբաթի համար է․ արտասահմանյան խանութների հայտարարած տարվա ամենամեծ զեղչերին օնլայն առևտրի շնորհիվ վերջին տարիներին նաև հայաստանյան սպառողն է անհամբեր սպասում։
Զեղչով գնումների շաբաթը սկսված է, պիկը կլինի բուն «Բլեք ֆրայդիին», հետո հերթը կհասնի կիբեռերկուշաբթիին՝ հեռակա շոփինգի սիրահարների օրացույցն է ներկայացնում դրսի շուկաների հետ մեր երկրի էլեկտրոնային առևտրի մոտ 70 տոկոսը սպասարկող «Գլոբբինգ» ընկերության հիմնադիր տնօրենը։
Դավիթ Հարությունյան («Գլոբբինգ» ընկերության հիմնադիր տնօրեն) - Սև ուրբաթի ժամանակ մարդկանց գնումները 3-4 անգամ աճում են սովորական շրջանից։ Նախորդ տարվա համեմատ Հայաստանում օնլայն գնումների մոտ 20 տոկոս աճ կա:
Մեր սպառողը քանակով ամենաշատ պատվերը տալիս է չինական կայքերին, որին հաջորդում են ամերիկյան, ապա և անգլիական ցանցերը։ Ամենահաճախ ձեռք բերվող ապրանքը էլեկտրատեխնիկան է, նաև՝ խաղալիք, ավտոմեքենաների պահեստամասեր, տարբեր աքսեսուարներ։ Ինտերնետ գնումների ամենամեծ մասը՝ մոտ 35 տոկոս, բաժին է ընկնում հագուստին։
Մարինա Դավթյան - Ամեն ինչ՝ սկսած երեխեքի շորերից մինչև շան կոմբինեզոնը, պատվիրում եմ:
Արթուր Գևորգյան - Տարբերությունը բավականին մեծ է՝ գումարի, ընտրության, համ ավելի շուտ ես կարողանում ավելի նորաձև հագուստը ձեռք բերել:
Ապրանքի որակի ու չափսերի հարցում չսխալվելու համար ճիշտ է օգտվել լիցենզավորված կայքերից։ Ռիսկը, թե գործարքի ժամանակ օգտագործվող բանկային քարտից փող կկորչի կամ այլ խարդախության թիրախ կդառնաք, աշխարհում օնլայն առևտրի զարգացման հետ մարել է՝ պնդում են այստեղ։
Սուսաննա Անտինյան («Գլոբբինգ» ընկերության հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար) - Նախկինում լինում էին դեպքեր, որ հաճախորդները պահպանում էին մեկ քարտ միայն օնլայն գնումների համար, բայց ներկա պահին վստահությունն այնքան է բարձրացել, մարդիկ էդ պրակտիկան էլ չեն կիրառում:
«Գլոբբինգի» գնահատումների համաձայն՝ քովիդից սկսած Հայաստանի ինտերնետ առևտրի ծավալը 15 տոկոսով ավելացել է, չնայած կորոնայի պատճառով ԱՄՆ-ից Չինաստան թե՛ ինքնաթիռով, թե՛ կոնտեյներով բեռնափոխադրումները դժվարացել-թանկացել են։
Դավիթ Հարությունյան - էդ մեր բացասական կողմն ա, երբեմն չենք կարողացել բերել նույն հաճախականությամբ, բայց արդեն վերականգնվել ա: Քովիդի հետևանքով գնաճ եղել ա բոլոր ուղղություններով, բայց ուղղություն կա, որտեղ եղել ա 5-7 տոկոսով, կա՝ որ 300 տոկոսով:
Այդ ամենից անկախ՝ ընկերությունը տարեկան միջինը 1,2 մլն հատ պատվեր գնում է, տեղափոխում Հայաստան։ Գումարային չէ, բայց մեկ շնչին բաժին ընկնող ինտերնետ առևտրի քանակի առումով երկիրը հայտնվել է առաջատարների շարքում։ Բավական է ընտանիքից, ընկերներից մեկը գրանցվի, դառնում է շրջապատի գործարքները ձևակերպող՝ վիրտուալ գործարքների տարածումն իրենց ընկերության օրինակով բացատրում է Դավիթ Հարությունյանը։
Դավիթ Հարությունյան - Ակտիվ օգտվում ա 200 հազար մարդ, օգտվում ա 500 հազար, ինչը, ի դեպ, աշխարհում ամենատարածվածներից ա, այսինքն՝ Հայաստանը միջազգային օնլայն գնումներով արդեն հասել ա ամենաշատ՝ Դուբայ, Կատար, Ավստրալիային:
Ի դեպ, հայաստանյան պատվերների աճի շնորհիվ՝ ընկերությունն այս ընթացքում հաջողացրել է «Գլոբբինգի» բիզնեսը ներդնել նաև Ղազախստանում և Ուզբեկստանում։ Ընդ որում՝ առանց ֆինանսների ներգրավման, սեփական ռեսուրսներով։
Դավիթ Հարությունյան - Ղազախական ընկերությունը 100 տոկոսով պատկանում ա հայկական ընկերությանը։ Վերջին մեկ տարին ղազախական շուկայում էլ ենք առաջատարը։ Երկուսուկես ամիս առաջ մուտք ենք գործել նաև Ուզբեկստանի շուկա, բավականին ակտիվ ա, վստահ եմ՝ կես տարվա մեջ կդառնանք առաջատար։
Այնպես որ, ընձուղտ Ջորջը հիմա հետևում է երեք երկրի ընդհանուր մոտ 50 միլիոնանոց բնակչության օնլայն առևտրին։