Սահմանադրական դատարանն այսօր սկսել է աշխատողների՝ պատվաստվելու կամ սեփական միջոցներով երկշաբաթյա պարբերականությամբ ՊՇՌ թեստավորում անցնելու վերաբերյալ Առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության հարցի քննությունը:
Դիմողի՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը պնդել է, որ պատվաստումը պետք է լինի գիտակցված, այլ ոչ թե պարտադրված որոշում:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աննա Մկրտումյանը նշել է՝ սանիտարական կանոնը ՊՇՌ հետազոտության թեստ ներկայացնելուն զուգահեռ նախատեսել է այլընտրանք՝ պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով պատվաստում:
Պետությունն օրենսդրությամբ անվճար հիմունքներով նախատեսել է միայն իմունականխարգելման գործընթացը, այլ ոչ թե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ախտորոշիչ հետազոտության իրականացումը: Դատաքննությունը կշարունակվի վաղը։