Ես կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Մոսկվային Երևանի և Անկարայի միջև միջնորդության աջակցության հարցով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարցին:
«Ռուսաստանը շահագրգռված է դրանում և նախկինում ևս ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Մեր երկիրը պատրաստ է հետագայում ևս աջակցելու դրան»,- ասաց Զախարովան։
Նրա խոսքով՝ գործընթացի մեկնարկը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը և բարիդրացիության, վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչն այժմ արդիական է։
«Երբ կլինեն գործնական նորություններ, մենք անպայման կտեղեկացնենք ձեզ այդ մասին, եթե դա չվնասի բուն բանակցային գործընթացին՝ հաշվի առնելով դրա զգայունությունը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։