Ռումինիայի խորհրդարանը հաստատել է պաշտպանության նախկին նախարար Նիկոլաե Չուկեի թեկնածությանը երկրի վարչապետի պաշտոնում և հավանություն տվել կառավարության նոր կազմին, ինչպես նաև կառավարության ծրագրին: Այդ մասին հայտարարել է Պատգամավորների պալատի նախագահ Մարչել Չոլակուն, փոխանցում է РИА Новости-ն:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցություն հայտնեցին: Մենք գիտակցում ենք բոլոր դժվարությունները, որոնք կանգնած են մեր ճանապարհին, ամեն ջանք կգործադրենք դրանք հաղթահարելու համար։ Թույլ տվեք անցնել աշխատանքի»,- հայտարարել է Չուկեն խորհրդարանի կողմից ընտրվելուց անմիջապես հետո։
Չուկեի կառավարությունում կա 20 նախարարություն: Փոխվարչապետի պաշտոնում են նշանակվել Հունգարների ժողովրդավարական միության նախագահ Կելեմեն Հունորին և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Սորին Գրինդյանին, որը կզբաղեցնի նաև տրանսպորտի նախարարի պաշտոնը:
Ռումինիայի նոր կառավարության ծրագիրը կենտրոնացած է մի քանի ուղղություններով՝ պայքար էներգառեսուրսների գնաճի դեմ, հարկերի աճի զսպում, արդարադատության համակարգի անկախության ապահովում, կրթության ոլորտի զարգացում, կանխատեսելի արտաքին քաղաքականություն։