«Չինաստանը պատրաստ է Իրանի հետ համատեղ դիմակայելու միակողմանի գործողությունների և հալածանքների քաղաքականությանը, ինչպես նաև պաշտպանելու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը և միջազգային արդարությունն ու անկողմնակալությունը»,- հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ տեսակոնֆերանսի ձևաչափով ունեցած զրույցում, հայտնում են ՉԺՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Չինաստանը մտադիր չէ արտահանել զարգացման իր մոդելը, սակայն հույս ունի օրինակ ծառայել այնպիսի երկրների համար, ինչպիսին է Իրանը, որոնք ցանկանում են արագացնել զարգացումը և միաժամանակ պահպանել անկախությունը»,- հայտարարել է Վան Ին:
Նրա խոսքով՝ Չինաստանը գնահատում է Իրանի աջակցությունը գլոբալ զարգացման նախաձեռնությանը, որն առաջ է քաշել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, և պատրաստ է Իրանի հետ աշխատելու երկու երկրների համակողմանի համագործակցության ծրագրի իրականացման ուղղությամբ և նպաստելու նրանց ռազմավարական գործընկերության նոր արդյունքների ձեռքբերմանը:
Վան Ին նշել է, որ Չինաստանի կառավարությունը որոշել է Իրանին փոխանցել պատվաստանյութերի ևս մեկ խմբաքանակ, որպեսզի արտահայտի իր բարեկամությունը իրանցի ժողովրդի նկատմամբ: