ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 2021 թ. նոյեմբերի 24-ին` ժամը 14:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում, գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանը:
Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ ժամը 15։30-ի սահմաններում, մահացել է:
Քննչական խմբի կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: