ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սուրիկ Յուրիկի Սաֆարյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սուրիկ Յուրիկի Սաֆարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ս. Սաֆարյանը (ծնվ. 2002 թ.)։