Մինչև տարեվերջ տեղահանված 300 ընտանիք Արցախում սեփական տանիք կունենա: Ստեփանակերտի Թումանյան փողոցում ավարտական փուլում է բնակելի երկու թաղամասի շինարարություն: Նախկին քարի արտադրամասի տարածքում կառուցվում է 153, կաթի կոմբինատի տարածքում՝ 108 բնակարանանոց շենք:
Արամ Սարգսյան, Արցախի քաղաքաշինության նախարար - Աշխատանքներն ընթացիկ տարում ավարտվելու են, ավարտվելու են երկու փուլով՝ առաջին փուլով դեկտեմբերի մեկին հանձնելու ենք շահագործման մոտ 40 բնակարան, մինչև դեկտեմբերի վերջ՝ 113 բնակարան:
Շենքերի շինարարությունը ֆինանսավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Բնակարաններն ամբողջությամբ կահավորված կլինեն:
Արարատ Խլղաթյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ - Ընթացքում արդեն կահավորվում են, մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվում, ինժեներական աշխատանքներ, որոնք այս պահին շատ ավելի անհրաժեշտ են, որպեսզի կարողանանք մինչև դեկտեմբերի մեկը ջուրը, գազը, հոսանքը, կոյուղին շահագործման հանձնել, որ բնակչությունը կարողանա հանգիստ ապրել:
Հաշվի առնելով առկա պահանջարկը՝ առաջնահերթությամբ բնակարան կստանան պատերազմի ժամանակ զոհվածների և անհետ կորածների ընտանիքները, բայց ոչ միայն նրանք:
Արմեն Մանգասարյան, Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ - Բնակարաններ կտրամադրվեն նաև պահեստազորի սպաներին, գործող զինծառայողներին, Արցախյան առաջին պատերազմի փախստականներին և սոցիալական այլ խմբերին:
Հանրային քննարկումներից հետո Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն հրապարակավ կներկայացնի բնակարանների շահառու խմբերի տոկոսային հարաբերակցությունը: