ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին ներկայացրեց իր դիտարկումը կորոնավիրուսի դեպքերի թվի նվազման վերաբերյալ:
«Դիտարկումը միանշանակ է. նախ` իհարկե դպրոցական արձակուրդներ երկարացնելը որոշակի դեր խաղաց, բայց մենք ի սկզբանե գիտեինք, որ եթե մեր երկու լիարժեք պատվաստումները 350 հազարի շեմը մոտավոր հաշվարկներով հատեն, դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն: Այսօր երկու, այսինքն՝ լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվն արդեն հատել է 400 հազարի շեմը, ինչը շատ լավ նորություն է, բայց սա որևէ կերպ մեր զգոնությունը չպետք է թուլացնի, որովհետև մենք արդեն տեսել ենք՝ վիրուսն անընդհատ մուտացիաների է ենթարկվում, և նաև շատ կարևոր է արձանագրել, որ ամենասկզբում պատվաստված քաղաքացիների վերապատվաստելու հարցում մենք պետք է մոտեցումներ և որոշումներ կայացնենք՝ իհարկե ԱՀԿ ռեկոմենդացիաների շրջանակներում և համաձայն, և պետք է լիարժեք հսկողություն սահմանենք իրավիճակի վրա: Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, և դա պետք է արձանագրել, որ, համենայն դեպս, ինչպես 2020 թվականից կառավարում ենք կորոնավիրուսի համավարակը, առնվազն այլ երկրների հետ համեմատած՝ մենք չենք կարող ասել, որ վատ է կառավարվել, ինչը շատ լավ է»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ մեր հիմնական ուղղությունը պետք է լինի պատվաստումները:
Նա ասաց, որ այն բանից հետո, երբ մեր իրավապահ մարմինները սկսեցին գործել, ըստ էության, գրեթե վերացավ շրջանառվող լուրը կեղծ պատվաստման պրակտիկայի վերաբերյալ:
«Հիմա ակնհայտ է, որ այդ խնդիրը մասշտաբներ չունի, բայց բոլորին կոչ եմ անում այդպիսի գործունեություն չծավալել,- ասաց վարչապետը՝ նշելով, որ բարդության դեպքեր չկան,- 700 հազար մարդ պատվաստվել է, բարդության ոչ մի դեպք չունենք, որն արժանի է հիշատակման»:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նկատեց՝ ալիքի տեմպի նվազմանը նպաստել են մի քանի հանգամանքներ, և առաջինը՝ պատվաստումների ցուցանիշի բարձրացումը:
«Հընթացս էլ մենք աշխատում ենք, որ այս տեմպը պահպանենք, և հաջորդիվ և՛ շտամների, և՛ ալիքների ժամանակ մեր բնակչության հանրային իմունիտետի շերտն ապահովված լինի»,- ասաց նախարարը՝ հայտնելով, որ ընդհանուր առմամբ իրականացվել է 1 մլն 168501 առաջին և երկրորդ պատվաստում, և բարդության որևէ դեպք չի գրանցվել:
«Մենք հստակ մոնիթորինգ ենք իրականացնում, արձանագրում ենք անգամ, երբ դիմում են քաղաքացիները ջերմության և այլ դեպքերում: Դա նորմալ է, դա նշանակում է՝ պատվաստանյութն ազդում է, հակամարմինները ձևավորվում են, և դա օրգանիզմի շատ նորմալ ռեակցիա է: Առաջին դեղաչափն արդեն ստացել է 761820 քաղաքացի, ինչը կազմում է մեր մեծահասակ բնակչության 38.1 տոկոսը: Երկրորդ դեղաչափն արդեն ստացել է 406681 քաղաքացի:
Մենք արդեն իրականացնում ենք այն քաղաքացիների վերապատվաստումը, որոնց մոտ առաջին երկու դեղաչափը ստանալուց հետո վեց ամիս անցել է: Մեկ-երկու օրվա ընթացքում կհաստատվեն հստակ կարգերը, թե ինչպես քաղաքացիները կարող են ստանալ այդ վերապատվաստումը: Մենք միանշանակ հետևում ենք ԱՀԿ-ի մշակած ցուցումներին, նաև մեր երկրում առկա պատվաստանյութերի և՛ տեսականիով, և՛ քանակներով լրիվ ապահովված ենք, և մեր քաղաքացիները կարող են իրենց ցանկությամբ ստանալ որ պատվաստանյութը կուզեն: Երկրորդ ամբողջական դեղաչափ ստացած արդեն բնակչության 20 տոկոս ունենք»,- ասաց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ 17326 ընդհանուր ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվը ընդամենը 1269 է, այսինքն՝ ընդամենը 3.6 տոկոսն է, որ պատվաստված է, բայց վարակվել է, ինչը նաև ցույց է տալիս, որ վարակելիության առումով էլ պատվաստանյութերը մեզ ապահովում են պաշտպանությամբ և արդյունավետ են: «Հիվանդանոցային բուժում ստացող 3124 քաղաքացիներից 114-ն են պատվաստված. սա ևս շատ լավ ցուցանիշ է հանդիսանում, և մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ տարեց քաղաքացիները պատվաստված լինելու պարագայում հեշտությամբ հաղթահարում են հիվանդությունը»,- ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով վերարտադրողական առողջության վրա ազդեցությանը՝ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ դրա մասին խոսակցությունները ապատեղեկատվական, մանիպուլյատիվ բամբասանքներ են, և մեծ Բրիտանիայում իրականացված մեծաթիվ վիճակագրական տվյալների հիմքով հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերը որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա, այլ հակառակը՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քովիդ-19 հիվանդությունը և դրա ընթացքը կարող են ուղիղ կապ ունենալ մարդու ընդհանուր առողջական վիճակի վրա, այդ թվում նաև՝ վերարտադրողական առողջության վրա:
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ «Արմեդ» համակարգը հընթացս զարգանում է, և վիճակագրական տվյալները մեկ տեղում ամփոփելու հնարավորությունները ևս մեծանում են: «Մենք հիմա մեր համակարգը նաև սինքրոնացնում ենք այլ համակարգերի հետ, որպեսզի մեր վիճակագրական տվյալներից բացթողում չունենանք, և տարվա ավարտին երբ ամփոփվեն նաև վիճակագրական ընդհանուր տվյալները, պետք է որ շեղումներ չլինեն»: