Հանդիպում՝ 100 տարի անց: Բեմականացման հերոսները 20-րդ դարի հայ ականավոր մտավորական կանայք են՝ պատգամավորներ, գրողներ, հասարակական, քաղաքական գործիչներ:
Նաիրա Մուղդուսյան, «Նաիրյան» վոկալ անսամբլի գեղարվեստական ղեկավար - Զապելը համարձակ, մտածող կերպար էր, որը բոլոր ժամակներոում մեր ազգին անհրաժեշտ է, և յուրաքանչյուր կին, եթե կարողանա փոքր-ինչ ամուր կանգնել իր ոտքին, կարծում եմ՝ հասարակարգը շատ ավելի լավն է լինելու:
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ն աշխարհը նշում է գենդերային բռնությունների դեմ ակտիվության 16-օրյակ: Միջոցառումն իրականացնում է «ՕՔՍԵՋԵՆ» հիմնադրամը՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրամիության ֆինանսավորմամբ:
Մարգարիտա Հակոբյան, «ՕՔՍԵՋԵՆ» հիմնադրամի գործադիր տնօրեն - Ուզում ենք զուգահեռներ անցկացնել, որ ծանր ժամանակներ են եղել, բայց հայ կանայք, հատկապես 20-րդ դարի ականավոր հասարակական, քաղաքական գործիչները, կարևոր դերակատարություն են վերցրել, եղել են շատ հզոր, ուժեղ և հասարակության հանրային ընկալման փոփոխություն են բերել իրենց վարքագծով՝ իրավազորելով կանանց:
Ծովինար Հարությունյան, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար - Շատ կարևոր է, որ մենք մի պահ կանգնենք և նայենք հետ՝ հասկանալով, թե ինչ դասեր կարող ենք քաղել անցյալից, ինչպիսի կանայք ենք ունեցել, որոնք կարող են ոգևորել և ինչպիսի օրինակներ կարող ենք իրենցից վերցնել, որպեսզի լուծումներն արդյունավետ լինեն:
«Ականավոր հայ կանայք հանուն կանանց իրավազորման» քարոզարշավի նպատակն է խթանել գենդերային հավասարությանը միտված փոփոխությունները՝ կանխելու պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրությունը Հայաստանում:
Անդրեա Վիկտորին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան - Կարծում եմ՝ բոլորս պետք է միասին պայքարենք կանանց իրավունքների համար: Սա հիանալի տարբերակ է, ուրախ եմ, որ մասնակցում ենք այս միջոցառմանը, որտեղ հայ կանայք միասին ասում են՝ ո՛չ բռնությանը: Վստահ եմ՝ կանայք կարող են պայքարել հավասար իրավունքների համար և լինել հասկացված:
Քրիստինե Գրիգորյան, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ - Նման միջոցառումները ևս կարևոր են այն իմաստով, որ զգայունացնում են այս խնդիրը, մարդկանց ուշադրությունը բերում են այս հարցերին և, կարծում եմ, ցույց են տալիս նաև կառավարության մեր հանձնառությունն արդյունավետ պայքարելու բռնության դեմ:
Այս 16 օրերի ընթացքում կիրականցվեն մի շարք միջոցառումներ, որոնց ընթացքում կբարձրաձայնվեն կանանց հուզող խնդիրները, կառաջարկվեն լուծումներ: