Մոսկվան հանդես է գալիս 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ հաղորդակցությունների ապաշրջափակման թեման քննարկել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Երևան և Բաքու կատարած իր վերջին այցերի շրջանակում: Զախարովան ընդգծում է՝ ապաշրջափակման դեպքում միջազգային փոխադրումներն իրականացվելու են համաձայն միջազգային համաձայնագրերի և ազգային օրենսդրության:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ պայմանավորվածությունների հասնելու համար մենք լավ հեռանկարներ ենք տեսնում՝ իհարկե հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռումը: Մենք նաև ելնում ենք այն հանգամանքից, որ ապաշրջափակված երթուղիներով միջազգային փոխադրումներն իրականացվելու են միջազգային համաձայնագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա:
Զախարովան նաև հաստատել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր միջնորդությամբ և նախկինում ևս ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ:
Մարիա Զախարովա - Այս գործընթացի մեկնարկը, անկասկած, կնպաստեր տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը և բարիդրացիության, վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչը հատկապես հիմա արդիական է։
Ճեպազրույցի ընթացքում Զախարովան անդրադարձել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիային:
Մարիա Զախարովա - Մենք շարունակում ենք ուշադիր հետևել սահմանին տիրող իրավիճակին: Մեր զինվորականների ու սահմանապահների գծով, իհարկե, շփումներ են տեղի ունենում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։
Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմի միջնորդական ջանքերի արդյունքում սահմանային լարվածությունը հաջողվել է թուլացնել: