Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին ըստ նրանց բնակության վայրի որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառելու գործընթացը դյուրինացնելու և բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթությունը հստակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Հիմնավորման համաձայն՝ կարգի կիրառման ընթացքը ցույց է տվել, ինչպես նաև 2020 թ. տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված ակնհայտ է դարձել, որ բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու գործող առաջնահերթությունն արդարացի չէ, քանի որ փաստացի նախկին տարիներին որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված առաջին կամ երկրորդ խմբի (իսկ 2017 թվականից առաջ՝ նաև երրորդ խմբի) հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների բնակարանային ապահովությունն ուղղակի կախման մեջ է գտնվում անկախ ժամանակահատվածից զոհված զինծառայողների քանակից՝ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված նրանց ընտանիքներին բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթության հիման վրա:
Այսինքն, եթե օրինակ՝ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր առաջին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողը հաշվառվել է 2010 թ.-ին, ապա նրան բարելավում տրամադրելու հերթը կարող է հասնել օրինակ 2021 թ. դրությամբ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված՝ բոլոր զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանային ապահովություն տրամադրելուց հետո, ինչն արդարացի չէ, քանի որ ստացվում է, որ 2021 թ.ին զոհված զինծառայողի՝ նույն թվականին կարիքավոր հաշվառված ընտանիքը փաստացի ապահովվում է անմիջապես, իսկ նախկինում հաշվառված զինհաշմանդամների ընտանիքներին բավարարման տրամադրումը դառնում է ոչ հասանելի:
Որոշմամբ նախատեսվում է պարզեցնել բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառելու գործընթացը և հանել հաշվառման ժամկետային սահմանափակումները, ինչպես նաև շահառուներին բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթությունը սահմանել ըստ տարիների հաշվառման սկզբունքով: