ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նոյեմբերի 24-ին մասնակցել է Սլովենիայի նախագահության կազմակերպած «Երիտասարդության դերը ժողովրդավարության գործընթացներում» խորագրով Արևելյան գործընկերության 5-րդ երիտասարդական առցանց ֆորումին:
Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այն լավագույն հարթակ է՝ երիտասարդությանը վերարժևորելու, նրանց առանցքային դերը վերահաստատելու, Արևելյան գործընկերության անդամ երկրների երիտասարդությանը հուզող հարցերը վերհանելու, ընդհանրություններն ու տարբերությունները գտնելու, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացներում երիտասարդների մասնակցայնության աստիճանը բարձրացնելու ուղիներ գտնելու տեսանկյունից։
«Հարգանք մարդու արժանապատվության, մարդու իրավունքների և համընդհանուր ազատությունների նկատմամբ, ժողովրդավարություն, ազատություն, հավասարություն և օրենքի գերակայություն՝ սրանք են այն հիմնարար արժեքները և սկզբունքները, որոնց վրա խարսխված են եվրոպական քաղաքակրթությունը, Եվրախորհրդի և Եվրամիության վարած քաղաքականությունը, ֆորումի մասնակիցների գործունեության արժեքային հենքն ու ուղենիշները։ Անվիճարկելի է այն իրողությունը, որ երիտասարդությունը՝ որպես հասարակության առավել ակտիվ հատված և փոփոխությունների հիմնական լոկոմոտիվ, առանցքային դեր ունի այս արժեքների և ժողովրդավարության պահպանման, ամրապնդման և տարածման գործում։ Ուստի, յուրաքանչյուր երկրի առաջնահերթ անելիքներից են երիտասարդության ներուժի բացահայտումը, զարգացումն ու իրացումը»,- նշել է նախարարի տեղակալը:
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում փաստացի ամրագրված է այն դրույթը, որ ժողովրդավարության սկզբունքները, օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի ամրապնդումը և պահպանումը Կառավարության առաջնահերթություններից են, ինչպես նաև սահմանված են երիտասարդության ոլորտում գործադիրի քաղաքականության առաջնահերթ քայլերն ու խնդիրները։ Ըստ նախարարի տեղակալի՝ այդ նույն ծրագրում երիտասարդությունը դիտարկվում է որպես առանձին կարևոր օղակ։
«Հաշվի առնելով մեր երկրի փորձը և դրական միտումները՝ ես լիովին հավատացած եմ, որ այս դինամիկ փոփոխվող աշխարհում ժողովրդավարական արժեքների պահպանումն ամուր հիմքերի վրա կդրվի, եթե ստեղծենք նպաստավոր դաշտ, որպեսզի երիտասարդությունը դառնա ժողովրդավարության և եվրոպական արժեքների պահպանման ակտիվ մասնակից: Այս հարցում թերևս ամենագլխավորը երիտասարդների համար զարգացման ու ինքնիրացման միջավայրի ձևավորման գործում հենց նրանց նեգրավելն ու գործընթացներին մասնակցային դարձնելն է»,- նշել է փոխնախարարը՝ վստահություն հայտնելով, որ ֆորումի ընթացքում հնչած գաղափարները և մտքերը թույլ կտան նոր ծրագրեր մշակել՝ ի բարօրություն երիտասարդների։