Լեհաստանի իշխանությունները լեհ-բելառուսական սահմանին անմիջական ռազմական սպառնալիք և ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածը գործարկելու հիմքեր չեն տեսնում: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և դաշնակիցների հետ դիտարկում ենք [Հյուսիսատլանտյան պայմանագրի] 4-րդ հոդվածի կիրառման հնարավորությունը, բայց մենք ցանկանում ենք այն օգտագործել միայն այն ժամանակ, երբ իրավիճակը դա պահանջի։ Այժմ իրավիճակը չի համապատասխանում 4-րդ հոդվածին: Չկա անմիջական ռազմական սպառնալիք, չկա ռազմական հարձակում որևէ հարևան երկրի վրա»,- ասել է Դուդան։
Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածը ենթադրում է ՆԱՏՕ-ի մասնակից երկրների միջև խորհրդակցությունների անցկացում, եթե կողմերից մեկի կարծիքով՝ դաշինքի որևէ անդամի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը սպառնալիքի տակ են: