Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է իրականացվի այնպես, որ կողմերից որևէ մեկը չփորձի վերսկսել ռազմական գործողությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ երկկողմ հանդիպմանը: Նրա կարծիքով՝ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի խորհրդային ժամանակաշրջանի քարտեզների հիման վրա: «Դրանք ստուգված և ճշգրիտ են, հստակ սահմանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահմանները»,- նշել է Մատվիենկով՝ ընդգծելով, որ Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ:
*****
Դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 28-րդ նիստը: Նիստի շրջանակում քննարկվելու են նաև ԵԱՀԿ տարածքում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայի արևելքում, Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունությանն առնչվող հարցերը:
*****
Վրաստանի իշխանությունները չեն դիտարկում Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով «3+3» խորհրդակցական ձևաչափին մասնակցելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ ռուս սենատոր Գրիգորի Կարասինի հետ բանակցություններից հետո։ Նրա խոսքով՝ վրացական կողմը հետաքրքրված չէ «3+3» նախաձեռնությանը մասնակցելու հնարավորությամբ։
*****
Արաբական Միացյալ Էմիրությունները 10 մլրդ դոլար է հատկացրել Թուրքիայում ներդրումների համար՝ հայտարարել է Աբու Դաբիի պետական ներդրումային հիմնադրամի նախագահ Մուհամմեդ Հասան աս Սուվեյդին: Թուրքիան և ԱՄԷ-ն համագործակցության ինը համաձայնագիր են ստորագրել տարբեր ոլորտներում, ներառյալ՝ առևտուրը, էներգետիկան և շրջակա միջավայրի պաշտպանությունը: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգի հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքում: Սա ԱՄԷ կառավարության ներկայացուցչի առաջին բարձրաստիճան այցն է Թուրքիա՝ 2012 թ.-ից ի վեր։ Հաջորդ շաբաթ նախատեսվում է նաև Էմիրությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այց Թեհրան։ Օրակարգում ԱՄԷ-Իրան-Թուրքիա տարանցիկ միջանցքի գործարկումն է, որն արդեն փորձարկվել է և կարող է զգալիորեն կրճատել բեռնափոխադրումների տևողությունը։
*****
Գերմանիայի ապագա իշխող կոալիցիան դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում նոր գլուխներ բացելուն․ պատճառը երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն է։ «Թուրքիայում ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների, կանանց և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մակարդակը զգալիորեն նվազել է: Այդ իսկ պատճառով մենք բանակցություններում ոչ մի գլուխ չենք փակելու և նորը չենք բացելու»,- ասված է Գերմանիայի հաջորդ կառավարությունը ներկայացնող կուսակցությունների ստորագրած համաձայնագրում։
Թուրքիան Եվրամիության անդամակցության հայտ է ներկայացրել դեռ 1987 թվականին։ 2005 թվականին մեկնարկած բանակցություններում շոշափելի առաջընթաց չի հաջողվել արձանագրել․ 2017 թվականին Եվրախորհրդարանը անգամ բանաձև ընդունեց՝ Եվրամիությանը և Եվրոպական հանձնաժողովին կոչ անելով դադարեցնել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, քանի դեռ երկրի սահմանադրությունում փոփոխություններ չեն արվել։