Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է մոտ 3․6 մլն մարդ, ավելի քան 51 հազարը՝ մահացել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հիվանդացության և մահվան դեպքերի թիվն ավելացել է 6%-ով։ Եվրոպան շարունակում է մնալ վարակի տարածման էպիկենտրոնը։ «Հարկավոր է արագացնել պատվաստման գործընթացը և համոզել մարդկանց պատվաստվել»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ֆրանսիայում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման ամենաբարձր տեմպերը ամռանից ի վեր։ Մասնավորապես, դեպքերը կտրուկ աճել են 6-10 տարեկան երեխաների շրջանում։ 100 հազար բնակչի հաշվով արձանագրվել է վարակման 300 դեպք։ Նոյեմբերի սկզբին այդ ցուցանիշը չէր գերազանցում 80-ը։ Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Ատալը հայտարարել էր, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի հինգերորդ ալիքով պայմանավորված՝ կառավարությունն առաջիկա օրերին կսահմանի մի շարք նոր սահմանափակումներ։
Վերջին շաբաթների ընթացքում Գերմանիայում նույնպես կտրուկ աճել են կորոնավիրուսով վարակման դեպքերը։ Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներով՝ համավարակի պատճառով մահացածների ընդհանուր թիվը մոտենում է 100 հազարի։ Նոյեմբերի վերջին հանրապետությունում ուժի մեջ կմտնեն լրացուցիչ սահմանափակումներ, որոնք հիմնականում կտարածվեն չպատվաստված քաղաքացիների վրա։ Գերմանիայում տրանսպորտից օգտվելու համար արդեն պահանջվում է ունենալ պատվաստման հավաստագիր, բացասական թեստ կամ կորոնավիրուսից առողջացած լինելու մասին տեղեկանք։ Երկրում ամբողջությամբ պատվաստված է բնակչության 68%-ը։
Լոքդաուն է հայտարարվել Իտալիայի մի շարք շրջաններում: Երեկոյան 18.00-ից հետո սրճարաններն ու ռեստորանները փակվում են։ Իսկ երեկոյան ժամը 20.00-ից մինչև առավոտյան ժամը 5.00-ը պարետային ժամ է սահմանված։ Սահմանափակումները կգործեն մինչև դեկտեմբերի 7-ը։ Իտալիայի շատ քաղաքացիներ դիմում են պատվաստման կետեր՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափ ստանալու համար։
Լեհաստանում վերջին 8 ամսվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճ՝ օրական ավելի քան 28000 դեպք, մահվան ելքով դեպքերը գերազանցում են 400-ը։
Նման պատկեր է ստեղծվել նաև Մեծ Բրիտանիայում։ Վերջին 3 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 40000 դեպք։ Մահացել է շուրջ 200 մարդ, ինչը մի քանի անգամ գերազանցում է նախորդ օրերի ցուցանիշը։ Իշխանությունները կորոնավիրուսի նոր ալիքը բացատրում են պատվաստման ոչ բավարար մակարդակով։ Կանխատեսվում է, որ Ամանորին ընդառաջ համաճարակային իրավիճակը ավելի կբարդանա։
Ռուսաստանում հավանություն են տվել «Սպուտնիկ M» պատվաստանյութով 12-17 տարեկան պատանիների պատվաստմանը: Ռուսաստանում դեռահասների շրջանում «Սպուտնիկ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսվել էին հուլիսին։ Այն արդեն ստացել է պետական գրանցում: Պատվաստման գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի վերջին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով՝ մինչև հաջորդ տարվա մարտ Եվրոպայում կորոնավիրուսի պատճառով մահացության դեպքերը կարող են գերազանցել 2 միլիոնը, եթե համավարակի տարածման կանխարգելման ուղղությամբ բավարար քայլեր չձեռնարկվեն։
Որպես վիրուսի տարածմանը նպաստող հիմնական պատճառներ փորձագետներն առանձնացնում են շատ երկրներում սահմանափակումների թուլացումը և պատվաստման գործընթացի դանդաղ տեմպը։