Բիո, էկո մակնշմամբ սպառողին մոլորեցնող մոտ 30 ընկերության արտադրանք արգելվել է վաճառել առանց համապատասխան հավաստագրի: Այդ ընկերությունների նկատմամբ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ էր հարուցել: Ամիսներ առաջ հինգ առևտրային ցանցերում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կատարած ուսումնասիրություններով հայտնաբերվել է 61 տնտեսվարողի ավելի քան 170 ապրանք, որոնք վաճառվում են բիո, էկո գրառումներով:
Տիգրան Մարկոսյան, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ - Այդ վարույթների հարուցումից հետո տնտեսվարողների մեծամասնությունը դրսևորել է բարեխիղճ վարքագիծ, ընդունել է իրավախախտումը, քայլեր ձեռնարկել իրավախախտումը վերացնելու ուղղությամբ:
Տնտեսվարողները նախազգուշացվել են վերջիին անգամ՝ ասում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատասխանատուն: Երկու տնտեսվարող տուգանվել է երկու միլիոն դրամի չափով: Օրինախախտ ընկերությունների զգալի մասը տեղական արտադրողներ են եղել, կան ապրանքներ, որ ներկրված են: Առանց հավաստագրի կարող են բիո գրառումը կիրառել միայն այն ապրանքների համար, որոնք պարունակում են պրոբիոտիկներ:
Տիգրան Մարկոսյան - ԵԱՏՄ օրենսդրությամբ՝ պահանջների համապատասխանությամբ պրոբիոտիկների դեպքում է, որ եթե պարունակում է ապա բիո բառը, կարող է կիրառվել:
Էկո, բիո գրառումներով արտադրանքը չի կարող նույն գինն ունենալ, ինչ սովորական արտադրական գործընթացով արտադրվողը՝ ասում է Տիգրան Մարկոսյանը:
Տիգրան Մարկոսյան - Իսկապես, օրգանական գյուղատնտեսական արտադրանքն իր ինքնարժեքի տեսանկյունից ենթադրում է ավելի մեծ ծախսեր, քան ոչ այսպիսի արտադրանքը, քանի որ և՛ գորընթացի իրականացման. և՛ սերտիֆիկացման առումներով տնտեսվարող սուբյեկտը կրում է լրացուցիչ ծախսեր:
Թռչնամիս, ձու, կաթնամթերք, նույնիսկ չիր. կան ընկերություններ, որոնք կեղծել են մի քանի արտադրատեսակներով: Կեղծ էկո, բիո մակնշումով մոլորեցրել են ոչ միայն սպառողին, ապահովելով արտադրանքի վաճառքը, այլև ազնիվ չեն եղել գործընկերների նկատմամբ: