Ապաշրջափակված երթուղիներով միջազգային փոխադրումներն իրականացվելու են միջազգային համաձայնագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ հարցին:
«Մենք հանդես ենք գալիս 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին: Դրանք վերաբերում են, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Այս կարևոր խնդրով զբաղվում է երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը: Այդ հարցերի ամբողջ համալիրը քննարկվել է մեր երկրի կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի կողմից Երևան և Բաքու կատարած այցերի ընթացքում»,- նշեց Զախարովան։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ պայմանավորվածությունների հասնելու համար Ռուսաստանը լավ հեռանկարներ է տեսնում՝ իհարկե հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը:
«Մենք նաև ելնում ենք այն հանգամանքից, որ ապաշրջափակված երթուղիներով միջազգային փոխադրումներն իրականացվելու են միջազգային համաձայնագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա»,- ասաց Զախարովան։