Արաբական Միացյալ Էմիրությունները 10 մլրդ դոլար է հատկացրել Թուրքիայում ներդրումների համար, հայտնել է Աբու Դաբիի պետական ներդրումային հիմնադրամի նախագահ Մուհամմեդ Հասան աս Սուվեյդին, փոխանցում է ТАСС-ը:
Անկարայում Թուրքիան և ԱՄԷ-ն համագործակցության ինը համաձայնագիր են ստորագրել տարբեր ոլորտներում, ներառյալ՝ առևտուրը, էներգետիկան և շրջակա միջավայրի պաշտպանությունը:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Անկարայի նախագահական պալատում՝ Աբու Դաբիի թագաժառանգի և ԱՄԷ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամեդ բեն Զաիդ Ալ Նահայանի հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքում: Սա ԱՄԷ կառավարության ներկայացուցչի առաջին բարձրաստիճան այցն է Թուրքիա՝ 2012 թ.-ից ի վեր։