Հաջորդ տարվա պետական բյուջեով Հայաստանը 144 մլրդ դրամ միջպետական վարկ կհատկացնի Արցախին: Սա ավելի է թե՛ 2021-ի (64 մլրդ 780 մլն դրամ), թե՛ 2020-ի (64 մլրդ 949 մլն դրամ) ու 2019-ի (57 մլրդ 847 մլն դրամ) բյուջեով նախատեսված միջոցներից: Այս տարի, ի դեպ, անհրաժեշտությունից ելնելով, ևս 64 մլրդ դրամով հատկացված վարկի ծավալն ավելացվել էր: Վարկերը տրամադրվում են աննշան՝ 0.001 տոկոսով:
Հրայր Եսայան (ՀՀ ՖՆ տնտեսության իրական հատվածի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ) - Ըստ էության, այս գումարի չափը ձևավորվել է Արցախի ֆինանսների նախարարության հետ համագործակցության արդյունքում, և դա ենթադրում է նաև գնահատականներ: Վարկից բացի, մենք ունենք նաև աջակցության առանձին ծրագրեր: Իրենք փոխկապակցված են, բայց յուրաքանչյուրը գործում է ինքն իր առանձին ձևով:
2022-ին հատկացվող միջոցների ծավալն աննախադեպ կարելի է համարել՝ նկատում է Հայաստանի ֆինանսների նախարարության պաշտոնյան:
Հրայր Եսայան - Կուզեի ավելացնել, որ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Արցախին տրամադրվելիք վարկը բխում է նաև Կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրի և գործունեության ծրագրի դրույթներից և ուղղված է Արցախին կոնկրետ աջակցությունների իրականացմանը և նաև որոշակի վերականգնողական աշխատանքներին:
Վարկերի ծավալի աճը հիմնականում պայմանավորված է պատերազմի և համավարակի հետևանքով Արցախի տնտեսության կրած վնասներով, ինչի հետևանքով նվազել են պետական բյուջեի մուտքերը:
Նորայր Ավանեսյան (Արցախի ֆինանսների նախարարի տեղակալ) - Ստացված գումարները 2022 թ. պետական բյուջեում նախատեսվում է հիմնականում ուղղել Արցախի Հանրապետության բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը, ինչպես նաև տարհանված բնակչության առաջացած սոցիալական խնդիրներին և նախատեսվում է կապիտալ ներդրումների ծրագրերով տարհանված բնակչության համար բնակարանաշինության ծրագրերի իրականացմանը, որը նախատեսվում է մոտակա 3 տարվա ընթացքում ամբողջությամբ ապահովել բնակարաններով:
Վարկային միջոցներից բացի, Կառավարությունը նաև Արցախի բնակիչներին տարբեր միջոցառումներով և ծրագրերով դրամական միջոցներ է հատկացրել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան